Թուրքիան ցանկանում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության համաձայնագիր ստորագրեն, և կարևորում է վարչապետ Փաշինյանի դրական ուղերձներն այդ առումով, ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։
Նրա խոսքով՝ Հարավային Կովկասում բացվել է հարատև խաղաղության, կայունության և բարգավաճման պատմական հնարավորության պատուհան:
«Հավատում եմ, որ Հայաստանը կգործի երկարաժամկետ ռազմավարական ընկալմամբ։ Կարևոր ենք համարում վարչապետ Փաշինյանի դրական ուղերձներն այս ուղղությամբ։ Մենք արձանագրում ենք, որ նա դիրքորոշում է արտահայտում հօգուտ խաղաղության, նպաստում է այդ գործընթացում դրական առաջընթացին»,- ասել է Ֆիդանը:
Թուրքիայի արտգործնախարարն աջակցություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև առանց միջնորդների երկկողմ բանակցություններին։
«Խաղաղության հաստատումն իր հետ կբերի նոր հնարավորություններ, որոնք նմանը չունեն մեր տարածաշրջանի զարգացման գործում»,- նշել է Ֆիդանը։
Հունվարի 7-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հայաստանը «տարածաշրջանի համար սպառնալիքի աղբյուր» և «ֆաշիստական պետություն» էր անվանել։ Նա հայտարարել էր նաև, որ Հայաստանի սպառազինումը «միայն նոր լարվածության կհանգեցնի»։
Հունվարի 8-ին Փաշինյանը, արձագանքելով Ալիևին, նշել էր, որ Բաքուն փորձում է տարածաշրջանում էսկալացիայի «լեգիտիմություն» ձևավորել։ Հունվարի 9-ին Փաշինյանն Ադրբեջանին ուղղված 12 առաջարկ էր հրապարակել, որոնց թվում էին ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելը, փոխադարձաբար էսկալացնող խոսույթներից և պահանջներից հրաժարվելը։