Ախալքալաքի շրջանի Կարծախ գյուղում Ջավախքի բնակիչները փակել են Վրաստան-Թուրքիա միջազգային մայրուղին, հաղորդում է JNEWS-ը:
Նրանք արգելում են բեռնատար մեքենաների տեղաշարժը։ Ցուցարարների խոսքով՝ այդ ճանապարհով Թուրքիան զենք է ուղարկում Ադրբեջանին։
Կայքի տվյալներով՝ ներկայում Կարծախում լարվածությունը թուլացել է, ճանապարհը գրեթե բաց է։ Տեղում Է Վրաստանի խորհրդարանի գործող պատգամավոր Սամվել Մանուկյանը, ինչպես նաև խորհրդարանի նախկին պատգամավոր Սամվել Պետրոսյանը, մոբիլիզացվել է ոստիկանությունը:
Tert.am-ի հետ զրույցում ակցիայի մասնակիցն էլ պատմել է որ ճանապարհը փակ պահելու ընթացքում բեռնատարներ են կուտակվել. «Դիմացի բեռնատարի թուրք վարորդին ստիպեցինք մեքենայից հանել Թուրքիայի դրոշը և տալ մեզ։ Իրականում ոստիկանը վերցրեց. երբ մի կերպ այսօր բացեցինք ճանապարհը, ապա պայմանով, որ դրոշը տան մեզ։ Այրեցինք բեռնատարի թուրք վարորդից վերցրած դրոշն ու բացեցինք ճանապարհը, սակայն սա դեռ ամենը չէ»։