Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբ Հայաստանում իր ղեկավարած «Տաշիր» բարեգործական հիմնադրամը լրացուցիչ 3 մլն դոլար է հատկացրել մարդասիրական և սոցիալական ծրագրերի իրականացման համար, որոնց նպատակն է ապահովել Հայաստանի ու Արցախի կայուն զարգացումը։ Այս մասին գրում է «Տաշիր» բարեգործական հիմնադրամը։
«Մենք ցուցաբերել ենք, ցուցաբերում ենք և շարունակելու ենք համակողմանի աջակցություն ցուցաբերել հայ ժողովրդին, հատկապես նման բարդ ժամանակներում։ Հավատում եմ, որ ի վերջո մենք կկարողանանք հայկական հողում ապահովել բոլոր պայմանները բարգավաճման և խաղաղության համար»,- ասել է Սամվել Կարապետյանը։
Արցախահայության ճակատագիրը միշտ եղել է «Տաշիր» բարեգործական հիմնադրամի ուշադրության կենտրոնում։ Հիմնադրամի գործունեության օրինակներից մեկը 2013 թվականին Ստեփանակերտում եզակի բժշկական կենտրոնի կառուցումն էր։ Կլինիկան կարող է և կոչված է բարձր տեխնոլոգիական բժշկական օգնություն ցուցաբերել հանրապետության բնակչությանը՝ համաշխարհային առաջատար կլինիկաների մակարդակով։ 2017 թվականի հունվարին Արցախում բազմազավակ ընտանիքներին աջակցության միջոցառման շրջանակներում Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը Սամվել Կարապետյանին անվանել է «մեր ժամանակների հայկական բարեգործության խոշորագույն ներկայացուցիչներից մեկը, որն ապրում է հայրենիքի և հայ ժողովրդի մասին մշտական հոգսերի մեջ»: