Գրոսմայստերներ Լևոն Արոնյանն ու Մանուել Պետրոսյանը «Մատ ահաբեկչությանը» խորագրով շախմատի բաց մրցաշար են անցկացրել Արցախի և Հայաստանի 20 տաղանդավոր երեխաների հետ Երևանի կենտրոնում։
«Երևանի Շառլ Ազնավուրի անվան հրապարակն այսօր դարձել էր ահաբեկչության դեմ պայքարի սպորտային և մշակութային կենտրոն։ Գրոսմայստերներ Լևոն Արոնյանը և Մանուել Պետրոսյանը Կոմիտասի անվան ազգային քառյակի կենդանի կատարումների ներքո իրականացրել են «Մատ տեռորին» միջոցառումը՝ շախմատային միաժամանակյա սեանս անցկացնելով Արցախի ու Հայաստանի 20 տաղանդավոր երեխաների հետ»,-նշվում է ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրության մեջ։
«Թշնամին ընտրել է հակամարդկային մեթոդներ՝ ցուցաբերելով իրեն բնորոշ անմարդկային դաժանություն։ Մենք պետք է դրա դեմ պայքարենք։ Լռությունն այս պահին ամենաամոթալի բանն է։ Պետք է պայքարենք, ոգևորվենք, հիշենք մեր պատմությունը, հիշենք, որ միշտ եղել է մեր ազգի վերածնունդ, մի նոր սկիզբ։ Պետք է ավելի ուժեղ լինենք և ավելի նվիրյալ մեր ազգին»,- ասել է Լ․ Արոնյանը։
Շախմատային պարտիաներին զուգահեռ իրականացվել է Արոնյանի մայրիկի՝ Սեդա Արոնովայի հեղինակած «Լևոն Արոնյան» գրքի անվանական ստորագրումն ու վաճառքը, որից ստացված ամբողջ հասույթը փոխանցելու է «Հայաստան» համահայկական հիմնադրամին։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախի դեմ։
Հայկական կողմից այս պահի դրությամբ զոհվել է 1177 զինծառայող։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 53 զոհ ու 148 վիրավոր։
Մոսկվայում հոկտեմբերի 9-ին 11 ժամ տևած բանակցությունների արդյունքում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները համաձայնության են եկել 2020 թվականի հոկտեմբերի 10-ին ժամը 12:00-ին մարդասիրական հրադադարի հաստատելու մասին:
Առաջին հրադադարի հաստատման ձախողված փորձից հետո Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի միջնորդությամբ վերահաստատված պայմանավորվածությունները նույնպես խախտվել են։
Հոկտեմբերի 31-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նամակ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ մանրամասն ներկայացնելով ԼՂ դեմ ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետևանքով ստեղծած իրադրությունը և առաջացած մարտահրավերները: Պատասխան նամակում Պուտինը գրել է, որ ՌԴ-ը ՀՀ-ին կցուցաբերի անհրաժեշտ օգնություն, եթե ռազմական գործողությունները տեղի ունենան անմիջականորեն ՀՀ տարածքում։