Թե պատմությունն ինչպիսի գնահատական կտա, ժամանակը ցույց կտա, սակայն, երեկվա որոշումը ստիպված էինք կայացնել։ Այս մասին ուղիղ եթերում ասաց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ հայտնելով, որ կորցրել ենք Ֆիզուլիի շրջանը, Ջաբրայիլի շրջանը, Կուբաթլուի, Զանգելանի, Հադրութի շրջանը հիմնականում, Մարտունիի շրջանից ինչ-որ մաս, Ասկերանի շրջանից, և ամենագլխավորը՝ Շուշին։
Արայիկ Հարությունյանի խոսքով՝ վերջին օրերին թշնամուն հաջողվեց առավելությունն իր ձեռքը վերցնել։ Լավ վիճակում չէր նաև բանակի բարոյահոգեբանական վիճակը, ինչ-որ տեղ՝ անգամ ծայրահեղ վատ։
«Զորքը թութքով, դիզենտերիայով, քովիդով հյուծված վիճակում քառասուներեք օր առաջնագծում էր, և հնարավորություն չունեինք փոխարինելու, բուժելու։ Ամեն օր մարտական գործողությունների մեջ, ամեն օր զոհեր, վիրավորներ, բայց այդ ամենով կարողանում էինք դիմադրել ինչ-որ տեղ ութ պետությունների զինուժին։ Հաստատ միայն Ադրբեջանի դեմ չենք կռվել, հաստատ միայն թուրքական զենքը չէր մարտադաշտում»,-ասաց նա։
Նախագահը խոստովանեց՝ նոյեմբերի 5-ից հայկական զինուժը կորցրել էր Շուշիի նկատմամբ հիմնական վերահսկողությունը, իսկ նոյեմբերի 7-ին՝ Շուշին ամբողջությամբ։
«Չէինք ուզում հավատալ, որ հայրենիք ենք կորցնում, չէինք ուզում հավատալ, որ անհնարին էր արդեն կռվել եղած ռեսուրսներով։ Շատ երկար փորձում էինք բանակցության սեղանի շուրջ քննարկել և կանգնեցնել։ Իհարկե, ես բանակցություններին չեմ մասնակցվել, բայց խնդիրները մեծ էին,- նշեց Արայիկ Հարությունյանը։
Նա շեշտեց՝ կողմ էր կայացված որոշմանը, որովհետև հուսահատված չէր, եթե հուսահատված լիներ, կմտածեր շարունակել կռիվը կյանքի գնով և հասկանալով, որ պարտվելու ենք և կորցնելու ենք Արցախը։
Ըստ Արցախի նախագահի՝ ամեն ինչ դեռ առջևում է, պետք է մտածել, գնահատել և որոշումներ կայացնել։ Նա արդեն խորհրդակցություններ է սկսել։ Այսօր արդեն հանդիպել է ՀՅԴ ներկայացուցչի, նաև Վիտալի Բալասանյանի, Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի հետ, հեռախոսազրույցներ է ունեցել տարբեր զինվորականների, քաղաքական ուժերի հետ։
«Եկել ենք մի համաձայնության, որ ցանկացած որոշում պետք է միասին կայացնենք, իսկ մեր որոշումները դեռ առջևում են։ Խնդրում եմ, սիրելի հայրենակիցներ, սթափվե՛ք։ Քաղաքացիական պատերազմն ավելի մեծ սպառնալիք է մեր երկրի համար, ոչ միայն Արցախի, այլ Հայաստան աշխարհի համար։ Համախմբվենք և ցանկացած որոշում կայացնելուց առաջ գնահատենք»,- նշեց նախագահը։
ԱՀ նախագահը վերջին մի քանի օրերին հաճախակի քննարկումներ է ունեցել տարբեր ուժերի հետ, և բոլորն էլ միակարծիք են եղել ժամանակավոր կամ մշտական զինադադար ունենալու հարցում։ Նա վստահեցրեց՝ չի եղել մեկը, որ ասի՝ ոչ, եկեք շարունակենք կռվել։