Ես այսպիսի որոշում կայացրել եմ այն բանից հետո, երբ բանակը շարունակաբար պնդել է նման քայլի գնալու անհրաժեշտությունը: Այս մասին Facebook-ի ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետի ներկայացմամբ՝ բանակն է ասել դադարեցնել ռազմական գործողությունները, որովհետև եղել են որոշակի խնդիրներ։
Նրա խոսքով՝ որոշակիորեն բախվել ենք նաև դասալքության հետ, որը, ցավոք սրտի, ոչ մի կերպ հնարավոր չի եղել լուծել։
«Մենք բախվել ենք այնպիսի տարօրինակ դեպքերի, որ ԶՈւ զորամասը, գունդը պետք է մարտական նպատակով տեղափոխվեր, բայց այդ գնդի դռները տվյալ բնակավայրի բնակիչներ փակել են, շրջափակել մեքենաները և թույլ չեն տվել, որ զորամասից մեքենաները դուրս գան: Մենք ունեցել ենք այսպիսի տասնյակի հասնող դեպքեր, որոնց արդյունքում մենք ունեցել ենք գնդի, տեխնիկայի՝ առաջնագիծ հասնելու խնդիր»,- հայտնեց Փաշինյանը։
Վարչապետը մատնանշեց, որ հաջորդ խնդիրը կապված է եղել զորահավաքի հետ։
«Փորձը ցույց տվեց, որ քաղաքացիական կյանքից եկած մարդիկ, ցավոք սրտի, այնքան էլ պատրաստ չէին ռազմական գործողություններին լիարժեք մասնակցելուն և արագ կորցնում են մարտունակությունը, ինչը խնդիրներ էր առաջացնում:
Նույնը վերաբերում է նաև կամավորների որոշակի շերտի, որոնց մոտ ինչ-որ պահի մարտունակության խնդիրներ են առաջանում: Սա ամենևին չի նշանակում, որ մոբիլիզացիոն ռեսուրսով և կամավորներով ներգրավված բոլոր մարդիկ նույն վիճակում են եղել: Նրանցից եղել են մարդիկ, որ հերոսական կռիվ են տվել»,- նկատեց նա։
Նիկոլ Փաշինյանը նաև հայտարարեց, որ հայտնվել ենք մի իրավիճակում, որի այլընտրանքն ուղղակի գոյություն չուներ։
Իսկ ինչո՞ւ սեպտեմբերի 27-ին նույն պայմաններով զինադադար չի կնքվել, Փաշինյանն այսպես արձագանքեց․
«Սեպտեմբերի 27-ին զինադադարի պայմանները շարունակում էին մնալ նույնը, այն կարող էր ընդունվել միայն 7 շրջանը հանձնելու պայմանով, իսկ մենք նման քայլի չէինք կարող գնալ, որովհետև հավատում էինք, որ կկարողանանք այնպես անել, որ ոչ թե մենք շահագրգռված լինենք հրադադար կնքել, այլ՝ պարտադրենք այն, ինչը, սակայն, տեղի չունեցավ, որովհետև մենք չէինք կարող մտածել, որ տարածքներ հանձնելը հրադադարի հասնելու ճիշտ ճանապարհն է»,-եզրափակեց նա։
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետը հայտնել է Արցախում պատերազմը դադարեցնելու եռակողմ հայտարարությունը ստորագրելու մասին։ Փաշինյանը նշել է, որ որոշումն անասելի ցավոտ է անձամբ իր և ժողովրդի համար:
Հիշեցնենք նաև, որ վարչապետի հայտարարությունից հետո բազմաթիվ քաղաքացիներ բողոքի գործողություններ իրականացրեցին՝ պահանջելով, որ վարչապետը չեղարկի ստորագրած փաստաթուղթը։ Նրանք ներխուժեցին կառավարության շենք, որպեսզի հանդիպեն վարչապետի հետ: Քաղաքացիները գիշերվանից բողոքի ցույց են անցկացնում ԱԺ-ի դիմաց և հանդիպում են պահանջում իմքայլական պատգամավորների հետ: Ի դեպ, 17 կուսակցություններ պահանջում են վարչապետի հրաժարականը: