Դեկտեմբերի 3-ին Ֆրանսիայի Ազգային ժողովում (Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատ) տեղի կունենա «Եվրոպայի և Մերձավոր Արևելքի հայ ժողովրդի եւ քրիստոնյա համայնքների պաշտպանության մասին» 2020 թվականի նոյեմբերի 10-ի թիվ 3538 բանաձևի նախագծի քննարկումը (sur la protection du peuple arménien et des communautés chrétiennes d ‘Europe et d’ Orient):
Այս մասին հայտնում է Ֆրանսիայի Ազգային ժողովի պաշտոնական կայքը։
Նախագծում, մասնավորապես, ընդգծվում է «Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջնական կարգավորմանն անցնելու շտապ անհրաժեշտությունը, որը և կերաշխավորի տուժած քաղաքացիական բնակչության երկարաժամկետ անվտանգությունն ու առաջին պլան կմղի Լեռնային Ղարաբաղի խաղաղ գործընթացն ու ճանաչումը»:
Բանաձևում նաև կոչ է արվում Ֆրանսիայի կառավարությանը «Եվրոպական գործընկերների հետ վերանայել Թուրքիայի՝ Եվրամիությանն անդամակցելու գործընթացը շարունակելու հարցը՝ հաշվի առնելով հակամարտության մեջ Թուրքիայի ներգրավված լինելու փաստը»:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի Սենատը նոյեմբերի 25-ին բանաձեւ է ընդունել՝ կոչ անելով երկրի կառավարությանը ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը: Բանաձևի ընդունման օգտին քվեարկել է 305 սենատոր, դեմ է արտահայտվել միայն մեկը։