Արցախյան առաջին ու Ապրիլյան քառօրյա պատերազմների մասին պատմող երկսերիա «Կյանք ու կռիվ» ֆիլմից հանդիսատեսին հայտնի տաղանդաշատ ռեժիսոր Մհեր Մկրտչյանի հերթական՝ «Իշխանություն» ֆիլմը բարձրացավ մեծ էկրան։
Այն ֆիլմ է մեր իրականության մասին, որն, անխոս, քաղաքական հենք ունի, բայց դա այն քաղաքականությունն է, որն ամեն մեկս կրում ենք մեր մեջ, ասել է, թե մեր «դաստիարակած» ու մեր «մեծացրած», մեր ձեռքով «ցանած ու հնձած» քաղաքականությունն է։
Սա հրաշալի օրինակ է այն բանի, թե ինչպես կարելի է մեկ ու կես ժամում վերապրել վերջին երեք տարվա իրադարձությունները։ Իրադարձություններ, որոնք անգամ երեք տարվա համար են շատ, իսկ կինոթատրոնում ստիպված ես ավելի արագ անցնել իրադարձությունների, կերպարների, վայրիվերումների միջով․․․ միանշանակ՝ հույզերի տարափ, արցունքներ և անշուշտ՝ զայրույթ, խեղդող զայրույթ․․․
Ֆիլմն սկսվում է 3 տարի առաջվա իրադարձություններով։ Սովորական ՀՀ քաղաքացու համար այս պատմությունը կարծես հայացք լինի՝ հակառակ կողմից։ Նախկինում տեղի ունեցողին սեփական դիտակետից նայող մարդուն հնարավորություն է տրվում դրա հակառակ կողմից, փոքր-ինչ վերևից նայել կատարվող իրադարձությունուններին։ Այն, ինչի կարիքը միշտ կա։ Եվ այսպես՝ կուլիսային խոսակցությունները, քաղաքական վերնախավի երկխոսությունները, որոնք, իհարկե, միայն ռեժիսորի ենթադրությունների արդյունքն են, միանշանակ մեծ հետաքրքրություն են ստեղծում կինոդիտողի մոտ։ Ահա թե ինչու առաջին իսկ րոպեներից կլանված դիտում ես՝ փորձելով բաց չթողնել ոչ մի կարևոր բան։
Բացի ֆիլմում գործող կերպարներից՝ այն մեկ հերոս ևս ունի։ Դա հենց դու ես՝ կինոդիտողը։ Դու, որ այդ ամենի անբաժանելի մասնիկն ես, դու, որ նաև մեղավորն ես այդ ամենի։
Թավշյա հեղափոխության միայն ձայնային ստվերն է ֆիլմում։ Եղած կադրերն էլ սարքովի չեն, այլ հեղափոխության իրական կադրեր են։
Դեմ հանդիման են ելնում նախկիններն ու ներկաները․․․ռեժիսորը հիշեցնում է այն ատելությունը, որը զգում էր ամեն ներկա՝ ամեն նախկինի նկատմամբ։ Ատելություն, որի համար այսօր արդեն մի քիչ անհարմար ես զգում։
Ճանաչված մարդկանց կերպարավորումը նույնպես հետաքրքիր է դարձնում ֆիլը։ Օրինակ՝ ինչպե՞ս են մարմնավորում այն կամ այն քաղաքական դեմքին կամ թե ո՞ւմ է նկատի ունեցել ֆիլմը ստեղծողը՝ այս կամ այն հերոսին ստեղծելիս։
Եթե կարճ խոսենք, ապա ֆիլմը մեր միամտության մասին է, նաև այն մասին, թե ինչպես ենք մենք մեր ներդրումն ունեցել այսօրվա մեր վիճակի մեջ, ո՛ւմ ենք հետևել, ո՛ւմ հետևից ենք գնացել։ Եվ թյուր է տարածված կարծիքն այն մասին, թե կինոն համակողմանի չէ։ Սա պարզապես հայացք է հակառակ կողմից, և եթե կան քաղաքական այլ խոհեր կրող հանդիսատեսներ, ապա, քավ լիցի, ֆիլմը նրանց նույնպես չի նեղացնում։
Գլխավոր հերոսուհին Ալիսան է՝ նախագահի օգնականը, որը հրաշքների աշխարհից հայտնվում է Արցախում տունը լքելու և գյուղից հեռանալու փաստի առջև։ Նա չէր տրվել քաղաքական խաղերին, որոշել էր պայքարել պոպուլիզմի դեմ, սակայն պարտվել էր, քանզի պոպուլիզմին հնարավոր չի հաղթել պոպուլիզմով։
Նա քաղաքականության պատճառով կորցնում է սիրելի աշխատանքը, ընկերներին, սերը, սակայն չի «տեղափոխվում» Նոր Հայաստան, նա հավատարիմ է մնում իր սկզբունքներին, բայց պոպուլիզմը եկել էր՝ կործանելու երկիրը։ Սկսվեց 44-օրյա պատերազմը։ Պատերազմի հետևանքով Ալիսան կորցրեց իր տունը։ Այն մնաց գրավված տարածքներում։ Վերջում, երբ հերոսուհին պատրաստվում էր մյուսների նման այրել տունը, որ թուրքին չմնա, անհետ կորած սիրելիի ուրվականը նրան համոզում է դա չանել՝ ասելով, որ ոչ ոք չի ասել, թե մենք մեր հողերը միայն մեկ անգամ կարող էինք ազատագրել։ Ալիսան հանգցնում է կրակը, հեռանում է՝ վերադառնալու հույսով։
Ֆիլմն ավարտվում է դառը և տխուր վերջաբանով։ Ալիսան նայում է իրենց ծխացող գյուղին, գորգի մեջ փաթաթում եղբայրների գերեզմանաքարն ու հեռանում։
Բայց ֆիլմը չի վերջանում, քանի որ կինոթատրոնից դուրս՝ քաղաքային խառնաշփոթի մեջ, հանդիսատեսը հասկանում է, որ ինքը շարունակում է մնալ ֆիլմի հերոսը, որն էլ որոշելու է` ինչ անել հետո․․․
Արաքսյա Սնխչյան