Ադրբեջանցիներն ավերել են Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղի Մակուն կամուրջը, որը 44–օրյա պատերազմի արդյունքում անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ։
Այս մասին «Թվիթերի» իր էջում հայտնում է Կովկասյան ժառանգության պաշտպանության միջազգային կազմակերպությունը (Caucasus Heritage Watch):
Աղբյուրի փոխանցմամբ՝ կամուրջն ավերվել է ապրիլի 8-ից հուլիսի 7-ն ընկած ժամանակահատվածում՝ ճանապարհի վերանորոգման աշխատանքների ժամանակ։ Ոչ մեծ շինությունը դժվար է նկատվում նկարում ծառերի պատճառով, բայց CHW–ի աղբյուրները հաստատել են պատմամշակութային նշանակության կոթողի վերացման փաստը։
Կամարաձև կամուրջը, որը կառուցվել է 1890 թվականին կոպիտ սրբատաշ քարերից, անցկացվել է Իշխանագետ գետի մի փոքր վտակի վրայով:
Նշենք, որ 18-19-րդ դդ. ՄԵծ Թաղերը բավականին մեծ բնակչություն ունեցող քաղաքատիպ ավանի կարգավիճակ ուներ։ 19-րդ դարում այստեղ շինարարությունը սկսել է մեծ վերելք ապրել։ Սելավներ առաջացնող հորդառատ անձրևները սրբել–տարել էին ձորը տանող ճանապարհները, և կամուրջ կառուցելու անհրաժեշտություն էր առաջացել: Կամուրջը կառուցվել է 1890 թվականին և նախատեսված էր ոչ միայն հետիոտների, այլև սայլերի համար: Ժողովուրդն այն անվանել է Մակուն։