ԱՄՆ Կոնգրեսի հայկական խումբը Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատին կոչ է արել 50 միլիոն դոլար օգնություն հատկացնել Արցախին՝ մարդասիրական հրատապ կարիքները բավարարելու համար։ Այս մասին ասվում է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA) հաղորդագրության մեջ։
Կոնգրեսականներ Ֆրենկ Փալոունի և Ջեքի Սփիերի նամակում կոչ է արվում 50 միլիոն դոլարի մարդասիրական օգնություն տրամադրել Ղարաբաղի ժողովրդին և տեղահանվածներին։ Նշվում է, որ նման օգնությունը կօգնի բավարարել մարդկանց տարրական կարիքները, ներառյալ մայրական առողջությանն ուղղված ծրագրերը և խմելու ջրի հետ կապված խնդիրները լուծելու համար:
Հայկական խմբի համանախագահները շնորհակալություն են հայտնել Ներկայացուցիչների պալատին՝ 2022 ֆինանսական տարվա արտաքին օգնության օրինագծում Հայաստանին 50 միլիոն դոլարի տնտեսական և հումանիտար օգնություն ներառելու համար։
«Սակայն Արցախի հայ ժողովուրդը դեռ վերականգնվում է 2020 թվականի աշնանը ադրբեջանական և թուրքական զորքերի կողմից սանձազերծված պատերազմից, որը հանգեցրեց մարդկային զգալի կորուստների և փախստականների մեծ հոսքի։ Պատերազմի ավարտից մի քանի ամիս անց սահմանային վեճերը շարունակվեցին։ Այս ամենը միասին կործանարար ազդեցություն է թողել Արցախի հայ ժողովրդի վրա, և մենք պետք է նրան տրամադրենք այն ռեսուրսները, որոնք անհրաժեշտ են վերականգնվելու համար։ Ցավոք, Միացյալ Նահանգները չի տրամադրել համապատասխան մակարդակի մարդասիրական օգնություն հսկայական կարիքը բավարարելու համար, իսկ վերականգնման ճանապարհը դեռ երկար է լինելու»,- ասված է Ներկայացուցիչների պալատի հրապարակած նամակում:
Այս շաբաթվա սկզբին ANCA-ի նախագահ Րաֆֆի Համբարյանը Սենատի և Ներկայացուցիչների պալատի ավելի քան 20 առանցքային անդամներին ուղղված նամակներում հիմնավորել էր Արցախին 50 միլիոն դոլարի ԱՄՆ օգնության անհրաժեշտությունը՝ նշելով. «Ինչպես դուք և ձեր մասնագետները գիտեք, Արցախի վրա Ադրբեջանի հարձակումից հետո ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը չնչին մարդասիրական օգնություն է հասցրել ավելի քան 90 000 տեղահանված հայերի։ Սա անընդունելի է և հակասում է Ամերիկայի լայն, հարուստ և խոր ավանդույթին` օգնելու ռազմական հանցագործությունների զոհերին»: