Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի ուղղությամբ ադրբեջանական սադրանքների հաջորդ կանգառը Մարտունու շրջանի Նորշեն գյուղն է։
Այս դեպքում ևս, ադրբեջանցիները փորձում են խանգարել այս սեզոնին իրականացվող գյուղատնտեսական աշխատանքներին և հոգեբանական ճնշումների ենթարկել շրջակա գյուղերի բնակիչներին։ Այս մասին Facebook-յան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Ադրբեջանական սադրանքները հիմնականում արտահայտվում են անկանոն կրակահերթերով և բարձրախոսով շրջանը լքելու վերաբերյալ կոչերով։
Տեղում ծառայություն են իրականացնում ռուս խաղաղապահները, որոնք փորձում են զսպել ադրբեջանական ագրեսիան։
Չնայած այն հանգամանքին, որ Արցախում որոշակի իմունիտետ է ձևավորվում ադրբեջանական գործադրած հնարքների նկատմամբ, սակայն տեսանելի է, որ Ադրբեջանը փորձում է համակարգված ձևով ահի ու տագնապի մթնոլորտ ձևավորել»,-նշել է պատգամավորը։