Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոն «Արմենպրես» լրատվալան գործակալությանը տված հարցազրույցում անդրադարձել է տարածաշրջանային հակամարտությունների դադարեցման և ԼՂ խաղաղ կարգավորման հիմնախնդրին։
«Անշուշտ, որպես Մինսկի խմբի համանախագահ՝ Ֆրանսիան ցանկանում է շարունակել աշխատանքը և ջանքեր գործադրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական կարգավորմանն ուղղությամբ: Ցավոք, մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը թույլ չի տալիս Մինսկի խմբին աշխատել, այդ իսկ պատճառով մենք փորձում ենք երկխոսությունն ապահովելու այլ ուղիներ գտնել, մասնավորապես՝ Եվրամիության գործողությունների միջոցով»,- նշել է դեսպանը։
Դեսպան Անն Լույոն ընդամենը վեց ամիս է, ինչ աշխատում է Հայաստանում, բայց արդեն հասցրել է սիրել Հայաստանը։ «Հայաստանն իմ ամենասիրելի երկրներից է աշխարհում»,- նշել է նա։
Արձանագրելով, որ հատկապես վերջին շրջանում Հայաստանն առերեսվել է բազում բարդ մարտահրավերների, Ֆրանսիայի դեսպանը շեշտել է, որ Հայաստանը նաև մեծ հնարավորությունների երկիր է, և իր դերը հայ-ֆրանսիական հարաբերությունների բոլոր դերակատարներին մոբիլիզացնելն է, որպեսզի Հայաստանը բացվի աշխարհի համար և ավելի դրականորեն առերեսվի իր ապագային: