Ինչպես արդեն տեղեկացրել էինք, սույն թվականի մարտի 7-ի լույս 8-ի գիշերը Հայաստանի Հանրապետությունից Արցախ մտնող գազատար խողովակաշարի վնասման հետևանքով Արցախի Հանրապետությունում դադարեցվել է գազամատակարարումը։
Գազատարի վնասված հատվածը գտնվում է ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ։
ԱՀ անվտանգության խորհուրդը նոր մանրամասներ է հայտնել։
««Արցախգազ» ՓԲԸ մասնագետների կողմից վերանորոգման աշխատանքներ իրականացնելու համար ադրբեջանական կողմի հետ տարվում են բանակցություններ, որոնց ներգրավված են Արցախում տեղակայված ՌԴ խաղաղապահ ուժերի ներկայացուցիչներ և Անվտանգության խորհրդի գրասենյակի աշխատակիցներ։ Ներկա դրությամբ բանակցությունները շարունակվում են։ Ընթացքի մասին հանրությանը կտրամադրվեն լրացուցիչ տեղեկություններ»,-ասված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Արցախգազ» ընկերությունը հայտնել էր, որ մարտի 8-ին՝ ժամը 01:00-ին տեղի ունեցած վթարի հետևանքով վնասվել է մայրուղային գազատարը։ Ավելի ուշ Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ Ադրբեջանը խոչընդոտում է ադրբեջանական դիրքի մոտ վնասված մայրուղային գազատարի վերանորոգման աշխատանքներ սկսելուն: