Ադրբեջանի զինուժը ականանետ է կիրառել Խնապատ գյուղի ուղղությամբ, իսկ Թաղավարդում բարձրախոսով գյուղը լքելու կոչեր են հնչեցրել: Այս մասին հայտնում են ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից։
Այսօր՝ մարտի 11-ին՝ ժամը 10:20-ի սահմաններում, ադրբեջանական կողմը, նախնական տվյալներով, ականանետի 120 մմ-ոց 2 արկ է արձակել Ասկերանի շրջանի Խնապատ գյուղի դպրոցամերձ տարածքի ուղղությամբ:
Տուժածներ չկան:
Իսկ Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղի հարակից ադրբեջանական դիրքերից այս պահին բարձրախոսներով գյուղը լքելու սպառնալիքներ են հնչում:
Ոստիկանության շրջանային բաժիններում նախապատրաստվում են նյութեր:
Հիշեցնենք, որ վերջին օրերին հակառակորդը պարբերաբար սադրանքների է դիմում ՀՀ և ԱՀ սահմանների ու բնակավայրերի ուղղությամբ։ ԱՀ ՊՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ մարտի 9֊ին օրվա ընթացքում, այնուհետև ողջ գիշեր Ադրբեջանի զինված ուժերը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակների, ինչպես նաև ականանետերի կիրառմամբ, պարբերաբար խախտել է հրադադարը։ Հակառակորդի արձակած կրակոցից երեկ վիրավորվել է Խրամորթի բնակիչ Սուրեն Բաղրյանը։