Արցախում ստեղծված իրավիճակն արտառոց չէ, նույն հակառակորդն է ու նույն քաղաքականությունը։ Ադրբեջանի սադրիչ գործողությունները մեզ համար նորություն չեն, ադրբեջանական կողմը դիմում է նույն քայլերին, ինչ արել է տարիներ շարունակ։ Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում հայտարարեց Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով վերջին օրերին Արցախում ստեղծված իրավիճակին։
Արցախի արտաքին գերատեսչության ղեկավարի կարծիքով՝ Ադրբեջանի սադրիչ գործողության պատճառը մեկն է՝ ատելությունն Արցախի, հայության և Ռուսաստանի Դաշնության նկատմամբ։
«Իհարկե, ռուս-ուկրաինական ռազմական գործողությունները ևս իրենց ազդեցությունն ունեն Ադրբեջանի քաղաքականության նկատմամբ։ Ադրբեջանը, փաստորեն, այս գործընթացների ներքո իր ապակառուցողական քաղաքականությունը շարունակում է։ Այն բիրտ քաղաքականությունը, որը հիմա վարում է ադրբեջանական կողմը, վկայում է հենց ատելության մասին։ Թույլ չի տալիս գազատարի նորոգումը հիմա, երբ ցուրտ եղանակ է, սա ոչ այլ ինչ է, եթե ոչ ատելության դրսևորում»,- նկատեց նա։
Ըստ Դավիթ Բաբայանի՝ Ադրբեջանը, թիրախավորելով խաղաղ բնակիչներին և բնակավայրերը, նպատակ ունի հայաթափել Արցախը։
Հրադադարի հաստատումից հետո առաջին անգամ հակառակորդն ականանետեր է կիրառում Արցախում։ Բաբայանը նշեց, որ պատերազմի վերսկսման վտանգ միշտ էլ կա, բայց պետք է խոսել հավանականության մասին։
Նա ընդգծեց, որ նոր պատերազմը ոչ միայն Արցախի, այլ նաև ռուս խաղաղապահների՝ ՌԴ-ի նկատմամբ է լիենլու։ Նախարարը չի կարծում, սակայն, որ Ադրբեջանը կգնա նման քայլի։
Արտաքին գործերի նախարարը տեղեկացրեց, որ գազատարի վերանորոգման հարցում բանակցությունները շարունակվում են, բայց դեռ հստակ ժամկետ չկա, թե Արցախում, երբ կվերականգնվի գազամատակարարումը։ Նա նշեց, որ առանց ռուս խաղաղապահների՝ այդ հարցը չի կարող լուծվել։
«Մի քանի անգամ նման դեպք եղել է, բայց Ադրբեջանն այդ ժամանակ նման պահվածք չի ցուցաբերել։ Արցախյան կողմը պետք է վերանորոգումն անի, դեռևս բանակցություններն ընթանում են, իսկ ադրբեջանական կողմը շարունակում է իր ապակառուցողական քաղաքականությունը։ Ռուս խաղաղապահներն իրենց ներդրումն ունեն իրավիճակի կարգավորման հարցում»,- ասաց Բաբայանը։
Արտաքին գործերի նախարարը հերքեց շրջանառվող տեղեկությունները, թե մայրաքաղաք Ստեփանակերտը հոսանքազրկված է։ Նրա խոսքով՝ երբեմն հոսանքի անջատումներ լինում են, սակայն, խուճապային տրամադրություններ չկան։
Ի դեպ, նա կեղծիք որակեց նաև շրջանառվող լուրերն այն մասին, որ խաղաղապահները լքելու են Արցախը և իրենց առաքելությունը շարունակեն Ուկրաինայում։
Բաբայանի դիտարկմամբ՝ նման տեղեկություններն ադրբեջանական քարոզչության արդյունքն են։ Արցախի ԱՀ նախարարը նկատում է, որ նման լուրերը տարածվում են միայն իրավիճակն ապակայունացնելու նպատակով։
Նա անդրադարձավ նաև խոսակցություններին, ըստ որոնց՝ ադրբեջանական կողմը դժգոհ է խաղաղապահ առաքելություն իրականացնող ուժերի հրամանատարից։
«Սա կրկին Ադրբեջանի ապակառուցողական և ռուսատյաց քաղաքականության դրսևորումն է։ Ադրբեջանը երբեք պաշտոնական մակարդակով ռուսատյաց հայտարարություն չի անում, բայց այն իրականացնում են տարբեր խողովակներով»,- շեշտեց Բաբայանը։
Արտաքին գործերի նախարարը վստահեցրեց, որ Արցախի և Հայաստանի իշխանություններն ամեն ինչ անում եմ՝ ապահովելու արցախցիների անվտանգությունը։