Մարտի 7-10-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղակատվական համակարգից։
Նշվում է, որ ժողովին քննարկվեց Մայր Տաճարի հիմնանորոգության և ամրակայման աշխատանքների ընթացքը: Կատարված աշխատանքների վերաբերյալ հանգամանալից տեղեկություններ փոխանցեց Մայր Աթոռի վանական խորհրդի ատենապետ և լուսարարապետ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը:
«ԳՀԽ ողջունեց կատարված աշխատանքները, կարևորեց Մայր Տաճարի հիմնանորոգությանն ուղղված ջանքերը և ներդրումները՝ հույս հայտնելով, որ այն առաջիկայում դռները կբացի բարեպաշտ ժողովրդի առջև։
Ժողովի ընթացքին զեկույցով հանդես եկավ նաև Կ. Պոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը, ով ներկայացրեց պատրիարքության առկա կացությունը։ Ամենապատիվ Սրբազան Հայրը տեղեկություններ փոխանցեց պատրիարքության հոգևոր դասի, եկեղեցական կառույցների, ծխական համայնքների, կրթօջախների գործունեության վերաբերյալ։
Ժողովականներին Արցախի սրբավայրերի պահպանության ուղղությամբ Մայր Աթոռի կողմից իրականացվող աշխատանքների և առաջիկա ծրագրերի վերաբերյալ համապարփակ տեղեկություններ ներկայացրեց Մայր Աթոռի Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության հարցերով գրասենյակի տնօրեն Տ. Գարեգին վարդապետ Համբարձումյանը։ Հայր Սուրբն ընդգծեց, որ գրասենյակի գործունեության հիմնական նպատակն է հուշարձանների պահպանությամբ զբաղվող միջազգային կառույցների, պետական պատկան մարմինների, ինչպես նաև միջեկեղեցական կառույցների և Քույր Եկեղեցիների ուշադրությունը հրավիրել Արցախի հուշարձաններին սպառնացող վտանգների և դրանց պահպանությանն ուղղված ծրագրերի անհրաժեշտության վրա: Գրասենյակի գործառույթն է նաև տրամադրել գիտական աղբյուրների վրա հիմնված տեղեկատվություն՝ կանխելու Ադրբեջանի կողմից Արցախի պատմական անցյալի և Արցախի հայկական հոգևոր ու պատմամշակութային հուշարձանների պատկանելիության վերաբերյալ փաստերի խեղաթյուրումը և կեղծ տեղեկատվության տարածումը»,- նշվում է հաղորդագրության մեջ։