Այս պահի դրությամբ Արցախում գազամատակարարումը դեռ չի վերականգնվել։ Այս մասին Armenia Today-ին հայտնել է ԱՀ նախագահի խոսնակ Լուսինե Ավանեսյանը։
Նա հայտնեց նաև, որ խնդիրը կարգավորելու ուղղությամբ խաղաղապահների միջոցով քայլեր են արվում։
Հիշեցնենք, որ Արցախում դարձյալ դադարեցվել է գազամատակարարումը։ Արցախի տեղեկատվական շտաբը հաղորդագրությամբ երեկ տեղեկացրել է, որ ադրբեջանական կողմի ուղիղ միջամտության հետևանքով Արցախի Հանրապետությունում կրկին դադարեցվել է գազամատակարարումը։
Հաղորդագրության մեջ նաև նշվել է, որ բավարար հիմքեր կան պնդելու առ այն, որ մարտի 8-ին պայթեցված գազատարի վերանորոգման աշխատանքների ընթացքում ադրբեջանական կողմը տեղադրել է փական, որի միջոցով էլ ժամեր առաջ դադարեցրել է գազամատակարարումը։
Հիշեցնենք նաև, որ ադրբեջանական կողմը պայթեցրել էր գազատարը՝ Արցախին տասն օրից ավելի զրկելով կապույտ վառելիքից։ Ադրբեջանական և ռուսական կողմի միջև տեղի ունեցած բանակցությունների արդյունքում գազատամատակարարումը վերականգնվել է, սակայն, կարճ ժամանակ անց կրկին Արցախը զրկվել է գազից։