Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն այսօր բանակցություններ կվարի Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) նախագահ Պետեր Մաուրերի հետ, որը երկօրյա այցով գտնվում է Մոսկվայում: Այս մասին հաղորդում է TACC-ը՝ վկայակոչելով ՌԴ ԱԳՆ-ին։
ԿԽՄԿ-ում իրենց ղեկավարի ժամանումից հետո հայտարարել են, որ իր այցի գլխավոր նպատակը Ուկրաինայում ռազմական գործողությունների հետևանքով անհետաձգելի հումանիտար խնդիրների քննարկումը շարունակելն է: «Այս հակամարտության մի քանի շաբաթները, ինչպես նաև Դոնբասի հակամարտության ութ տարիները, շատ վիշտ ու ավերածություններ են պատճառել։ Կան կոնկրետ միջոցներ, որոնք կողմերը պետք է ձեռնարկեն միջազգային մարդասիրական իրավունքի նորմերին համապատասխան, որպեսզի նվազեցնեն մարդկանց տառապանքները»,- մասնավորապես հայտարարել է Մաուրերը։
Գերատեսչությունում մասնավորապես ընդգծել են, որ առարկայական քննարկում է սպասվում Ուկրաինայի, Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների կարիքավոր բնակիչներին օգնություն ցուցաբերելու, ինչպես նաև հումանիտար միջանցքների կազմակերպման և անխափան գործունեության հարցերի շուրջ: Բացի այդ, օրակարգում են լինելու Սիրիայում տիրող իրավիճակը և Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքները։
Հիշեցնենք նաև, որ ադրբեջանական կողմը պայթեցրել էր գազատարը՝ Արցախին տասն օրից ավելի զրկելով կապույտ վառելիքից։ Ադրբեջանական և ռուսական կողմի միջև տեղի ունեցած բանակցությունների արդյունքում գազատամատակարարումը վերականգնվել է, սակայն, կարճ ժամանակ անց կրկին Արցախը զրկվել է գազից։
Հիշեցնենք նաև, որ փետրվարի 24-ի առավոտյան Ռուսաստանը ռազմական հատուկ գործողություն է սկսել Ուկրաինայի «ապառազմականացման և ապազգայնացման» համար։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ռուսներին ուղղված հեռուստաուղերձում ասել է, որ հանգամանքները «պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ․ Դոնբասի ժողովրդական հանրապետությունները դիմել են Ռուսաստանին օգնության խնդրանքով»։
Վլադիմիր Զելենսկին մեղադրել է Ռուսաստանին երկրի ռազմական ենթակառուցվածքի վրա հարձակվելու մեջ և ռազմական դրություն է մտցրել ամբողջ երկրում՝ խզելով դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ։