Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանին Արցախի Հանրապետության նախագահի կողմից «ադրբեջանական կողմի հետ բանակցություններ վարելու լիազորություն» վերապահող իրավական ակտ չի ընդունվել։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի գրասենյակը՝ ի հերքումն ժամեր առաջ Արցախի տեղեկատվական շտաբի տարածած այն հաղորդագրության, որ ադրբեջանական կողմի հարուցած խնդիրների լուծման նպատակով Արցախի նախագահի հրամանագրով ռուս խաղաղապահ զորակազմի հետ աշխատելու և ադրբեջանական կողմի հետ բանակցություններ վարելու լիազորությունը վերապահված է ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանին:
«Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Արցախի Հանրապետության նախագահը 2021 թվականի սեպտեմբերի 10-ին ստորագրել է կարգադրություն, որով Անվտանգության խորհրդի քարտուղարը նշանակվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի հետ համագործակցության հարցերը համակարգող»,- նշված է ԱԽ տարածած հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Արցախի տեղեկատվական շտաբը տեղեկացրել էր, որ գազամատակարարման վերականգնման ուղղությամբ, ռուսական խաղաղապահ զորակազմի աջակցությամբ, ադրբեջանական կողմի հետ շարունակվում են բանակցությունները: Նշվել էր, որ ադրբեջանական կողմի հարուցած, ինչպես նաև այլ խնդիրների լուծման նպատակով ԱՀ նախագահի կարգադրությամբ ռուսական խաղաղապահ զորակազմի հետ աշխատանքները համակարգելու լիազորությունը վերապահված է ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանին: