Մարտի 25-ի կեսօրվանից մինչև 26-ի առավոտ Արցախի առաջնագծի երկայնքով իրավիճակի ու դիրքերի փոփոխություն տեղի չի ունեցել, և ադրբեջանական զինված ուժերը շարունակում են մնալ Փառուխ գյուղում ու հարակից Քարագլուխ բարձունքի մի կողմում, իսկ քիչ առաջ այդ հատվածում անհաջող հարձակման փորձ են կատարել մեր մի զինված ստորաբաժանման ուղղությամբ: Այս մասին Facebook-ի էջում գրել է Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը։
«Արցախի զինված ուժերը համապատասխան նախազգուշական ու զսպիչ միջոցներ են ձեռնարկում հնարավոր վտանգները չեզոքացնելու նպատակով: Ադրբեջանական ԱԹՍ հարվածներից երեկ ունեցել ենք 3 զոհ և 15 վիրավոր, ադրբեջանական կողմը ևս ունեցել է զգալի կորուստներ:
Երեկ այցելել եմ Խրամորթ գյուղ, այնտեղ իրավիճակը հարաբերականորեն հանգիստ էր, իսկ տրամադրությունը՝ պատշաճ: Ռուս խաղաղապահների հենակետերը շարունակում են գործել Փառուխում և Խրամորթում, և ռուսական կողմը զգալի ջանքեր է գործադրել իր պատասխանատվության տակ գտնվող տարածքում հրադադարի ռեժիմի ապահովման ուղղությամբ:
Ակնկալում ենք, որ ռուսական ջանքերով ադրբեջանական զորքերը հետ կքաշվեն ելման դիրքեր և այլևս խախտումներ չեն կատարի ընդդեմ Արցախի ժողովրդի անվտանգության և ՌԴ երաշխիքների:
Մենք ամուր ենք կանգնած մեր հայրենիքում և պատրաստ դիմակայելու զանազան մարտահրավերների»,- մանրամասնել է նախարարը։
Հիշեցնենք, որ մարտի 24-ին՝ ժամը 16:00-ի դրությամբ, Ադրբեջանի զինված ուժերն Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել են շփման գիծը: Պաշտպանության բանակի և Արցախի Հանրապետությունում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչները փորձում են նրանց վերադարձնել ելման դիրքեր:
Ադրբեջանական ուժերը մարտի 25-ի գիշերը կրակ են բացել ՊԲ ստորաբաժանումների վրա՝ կիրառելով ինչպես տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, այնպես էլ հարվածային ԱԹՍ: Այս պահին ճշտված տեղեկություններով ՊԲ 3 զինծառայողներ զոհվել են, 15 անձինք ստացել են տարբեր աստիճանի վիրավորումներ։ Այսօր՝ ժամը 11։00-ի հատվածում, ադրբեջանական ուժերը կրկին փորձ են արել առաջխաղացում ապահովել, ինչը կանխվել է Արցախի ՊԲ ուժերի կողմից։
Ի դեպ, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ խնդրելով ավելացնել խաղաղապահների թվաքանակը։