Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այցելել է Ասկերան քաղաք և շրջանի պատասխանատուների մասնակցությամբ անցկացրել խորհրդակցություն՝ նվիրված վերջին օրերին Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացվող ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակին։ Այս մասին հայտնում են ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Երկրի ղեկավարը վստահեցրել է, որ գործադրվում են բոլոր ջանքերը իրավիճակը կայունացնելու և ռուսական կողմի ջանքերով հակառակորդին ելման դիրքեր վերադարձնելու ուղղությամբ: Նա այցելել է նաև շրջանի Խրամորթ և Խնապատ համայնքներ, բնակիչների հետ քննարկել ստեղծված իրավիճակը, անելիքների հետ կապված տվել մի շարք հանձնարարականներ:
Հիշեցնենք, որ մարտի 24-ին Ադրբեջանի զինված ուժերն Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել էին շփման գիծը: Ադրբեջանական ուժերը մարտի 25-ի գիշերը կրակ են բացել նաև ՊԲ ստորաբաժանումների վրա՝ կիրառելով ինչպես տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, այնպես էլ հարվածային ԱԹՍ, ինչի հետևանքով հայկական կողմը զոհեր և վիրավորներ ունի:
Երեկ ՌԴ ԱԳՆ ծայրահեղ մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում լարվածության աճի կապակցությամբ: ՌԴ ՊՆ-ն հայտարարել է Ադրբեջանի կողմից Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարության դրույթները խախտելու մասին:
Հիշեցնենք նաև, որ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ԱՀ-ում ռազմական դրության մասին հրամանագիր է ստորագրել: