ԱՄՆ-ի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը Twitter-ի իր էջում անդրադարձել է Ադրբեջանի ագրեսիվ գործողություններին:
«Ծայրահեղ մտահոգիչ են հաղորդագրություններն այն մասին, որ ադրբեջանական զորքերը մտել են Լեռնային Ղարաբաղի որոշ շրջաններ և անօդաչու թռչող սարքերով հարվածներ են հասցրել տարածաշրջանի ինքնապաշտպանության ուժերին: Ես ադրբեջանական ուժերին կոչ եմ անում նահանջել ելման դիրքեր և անհապաղ դադարեցնել չհրահրված հարձակումները»,-գրել է նա:
Հիշեցնենք, որ մարտի 24-ին Ադրբեջանի զինված ուժերն Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել էին շփման գիծը: Ադրբեջանական ուժերը մարտի 25-ի գիշերը կրակ են բացել նաև ՊԲ ստորաբաժանումների վրա՝ կիրառելով ինչպես տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, այնպես էլ հարվածային ԱԹՍ, ինչի հետևանքով հայկական կողմը զոհեր և վիրավորներ ունի:
Երեկ ՌԴ ԱԳՆ ծայրահեղ մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում լարվածության աճի կապակցությամբ: ՌԴ ՊՆ-ն հայտարարել է Ադրբեջանի կողմից Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարության դրույթները խախտելու մասին:
Հիշեցնենք նաև, որ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ԱՀ-ում ռազմական դրության մասին հրամանագիր է ստորագրել: