Մարտի 28-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոյին։
Ըստ ԱԳՆ-ի՝ հանդիպման քննարկման առանցքում եղել է Ադրբեջանի զինուժի ներխուժման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը։ Արարատ Միրզոյանն անթույլատրելի է համարել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության դեմ շարունակական սադրանքներն և ագրեսիվ գործողություններ, կենսական նշանակության ենթակառուցվածքների բնականոն աշխատանքը դիտավորյալ խափանելու փորձերը։
Նախարար Միրզոյանը կարևորել է ստեղծված իրավիճակի վերաբերյալ միջազգային հանրության պատշաճ և հասցեական արձագանքը՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի տարածքից ադրբեջանական զինուժի դուրսբերմանը և իրավիճակի դեէսկալացիային։
Մարտի 24-ին, ժամը 16:00-ի դրությամբ, Ադրբեջանի զինված ուժերն Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել են շփման գիծը: Պաշտպանության բանակի և Արցախի Հանրապետությունում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչները փորձում են նրանց վերադարձնել ելման դիրքեր:
Ադրբեջանական ուժերը մարտի 25-ի գիշերը կրակ են բացել ՊԲ ստորաբաժանումների վրա՝ կիրառելով ինչպես տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, այնպես էլ հարվածային ԱԹՍ: Տեղի ունեցած մարտերի ընթացքում ՊԲ 3 զինծառայող է զոհվել։
ՌԴ ԱԳՆ-ն ծայրահեղ մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում լարվածության աճի կապակցությամբ: ՌԴ ՊՆ-ն հայտարարել է Ադրբեջանի կողմից Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարության դրույթները խախտելու մասին: