Մարտի 30-31-ի լույս գիշերը՝ մինչև առավոտյան ժամը 10:00-ն, Արցախի առաջնագծի բոլոր հատվածներում օպերատիվ-մարտավարական իրադրությունը փոփոխություն չի կրել՝ մնալով լարված: Հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել: Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։
Արցախի Հանրապետության իշխանությունները շարունակում են գործադրել բոլոր ջանքերը՝ ուղղված շփման գծի արևելյան ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերին իրենց ելման դիրքեր վերադարձնելուն:
Իրավիճակի զարգացումների վերաբերյալ լրացուցիչ հրապարակումներով հանրությանը տեղյակ կպահվի:
Մարտի 26-ին ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ Ադրբեջանի զորքերը մտել են Լեռնային Ղարաբաղի տարածքում ռուսական խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտի: Կիրակի երեկոյան Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը հայտնել է, որ Ադրբեջանը զորքերը դուրս է բերել Արցախի Փառուխ գյուղից, սակայն Ադրբեջանի ՊՆ-ն հերքել էր զորքերը դուրս բերելու վերաբերյալ ՌԴ ՊՆ-ի տարածած հայտարարությունը։ Ավելի վաղ Հայաստանի ԱԳՆ-ը հայտարարել էր, որ ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժումը Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի շարունակվում է։
Նշենք, ըստ Արցախի տեղեկատվական շտաբի տարածած հաղորդագրության համաձայն՝ Ասկերանի շրջանի Փառուխ գյուղն այժմ գտնվում է Արցախում տեղակայված ռուս խաղաղապահ զորակազմի վերահսկողության գոտում։ Շնորհիվ Արցախի զինված ուժերի խիզախ ջանքերի՝ հայկական կողմին հաջողվել է կասեցնել ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների առաջխաղացումը և պահպանել Քարագլուխ լեռան հիմնական մասի հանդեպ տիրապետումը։ Ադրբեջանական զորքերը շարունակում են մնալ Քարագլխի մի հատվածում ամրացված դիրքերում։ ՀՀ Անվտանգության խորհուրդն էլ Ադրբեջանական Հանրապետությանն առաջարկում է անհապաղ բանակցություններ սկսել համապարփակ խաղաղության պայմանագրի շուրջ: