Ուկրաինական ճգնաժամով պայմանավորված ներկայիս բարդ պայմաններում բավական խնդրահարույց է ավելացնել Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների թիվը։ Այս մասին Armenia Today-ի թղթակցի հետ զրույցում ասել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի հետխորհրդային հետազոտությունների կենտրոնի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Ստանիսլավ Պրիտչինը։
Նրա խոսքով՝ դա կապված է ոչ միայն այն բանի հետ, որ ռուսական իշխանությունների ուշադրությունն ավելի շատ կենտրոնացած է ուկրաինական ճգնաժամի վրա. բանն այն է, որ խաղաղապահների կադրային կազմը նորմատիվային առումով լիովին ձևավորվում է այն պայմանավորվածությունների շրջանակներում, որոնք Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք են բերվել եռակողմ ձևաչափով։
«Այսինքն՝ այնտեղ գրված չէ, որ ռուսական կողմը կողմերից մեկի նախաձեռնությամբ կարող է ավելացնել նրանց թիվը, այսինքն՝ խաղաղապահների թիվը գրված է հրադադարի մասին հայտարարության մեջ։ Այստեղ, առանց Ադրբեջանի հետ համաձայնեցնելու, դժվար է ինչ-որ կերպ փոխել կամ ավելացնել խաղաղապահների թիվը Լեռնային Ղարաբաղի գոտում», – ընդգծել է քաղաքագետը։
Անդրադառնալով վերջերս ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում՝ Լեռնային Ղարաբաղի Փառուխ գյուղի շրջանում Ադրբեջանի զինված ուժերի գործողություններին, Պրիտչինը նշել է, որ իրեն դժվար է խոսել այն մասին, թե տվյալ դեպքում ինչպիսին է եղել ադրբեջանական ղեկավարության մոտիվացիան:
«Եթե դատենք պաշտոնական հայտարարությամբ, որոնք հնչում են Բաքվում, նման գործողությունները պայմանավորված են եղել Լեռնային Ղարաբաղից հայկական զինված ուժերի դուրսբերման մասին հայտարարության մեկ այլ կետի չկատարմամբ։ Ադրբեջանական կողմն իր գործողությունները բացատրում է հենց նրանով, որ ոչ բոլոր կետերն են կատարվում, ուստի Ադրբեջանն իրեն իրավունք է վերապահում նման միակողմանի քայլեր ձեռնարկել», – ասել է նա։
Փորձագետը նաև մեկնաբանել է Բաքվի կողմից իրավիճակի հետագա սրման հնարավորությունը։ «Հարաբերությունների այն համակարգի շրջանակներում, որը Ռուսաստանն ունի Ադրբեջանի հետ և այն պայմանավորվածությունների շրջանակներում, որոնք ձեռք են բերվել վերջին շրջանում, ես կասկածում եմ, որ Ադրբեջանը պատրաստ է լուրջ առճակատման գնալ Ռուսաստանի հետ, մասնավորապես, հենց Լեռնային Ղարաբաղի հարցով», – հայտարարել է նա:
Նրա խոսքով՝ ադրբեջանցիների՝ ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտի անցնելու միջադեպը լոկալ բնույթ է կրում, այսինքն՝ դա տեղի է ունենում Ղարաբաղի մի մասում։ «Դժվար է ենթադրել, որ այստեղ հնարավոր է հրադադարի մասին հայտարարությունից դուրս որևէ լուրջ, լիարժեք առճակատում», – ասել է Պրիտչինը: