Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի գլխավորած պատվիրակությանը, հայտնում են նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունից:
Նախագահ Խաչատուրյանը նշել է, որ նման հանդիպումներն առանձնակի դինամիկա են հաղորդում երկու երկրների միջև համագործակցության զարգացմանն ու հետագա խորացմանը և պետք է հնարավորինս հաճախ լինեն։ Նախագահն ընդգծել է, որ այս այցն առանձնակի նշանակություն ունի, քանի որ տեղի է ունենում Հայաստանի և Վրաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի հոբելյանական տարում:
Տարածաշրջանում անվտանգության ու կայունության հաստատման համատեքստում նախագահ Խաչատուրյանը ներկայացրել է երկարատև խաղաղության հաստատմանն ուղղված Հայաստանի ջանքերը՝ ընդգծելով Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների պաշտպանության հարցը:
Վրաստանի խորհրդարանի նախագահը շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, շնորհավորել է Վահագն Խաչատուրյանին նախագահի պաշտոնը ստանձնելու առթիվ: Նա նշել է, որ իր գլխավորած պատվիրակության պաշտոնական այցն ուղղված է դարավոր բարեկամություն ունեցող երկու երկրների ներկա հարաբերությունների խորացմանը և համագործակցության հեռանկարների քննարկմանը:
Շալվա Պապուաշվիլին աջակցություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում երկարատև խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերին՝ ընդգծելով, որ իրենք կողմնակից են խնդիրներն երկխոսության միջոցով կարգավորելուն, և պատրաստ են իրենց դերն ու ներդրումն ունենալ այդ գործում:
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել հայ-վրացական փոխգործակցության օրակարգին վերաբերող հարցերի շուրջ: