Բրյուսելում կայացած Փաշինյան-Ալիև հանդիպմանը նախորդած ադրբեջանական ագրեսիան Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի և Քարագլխի լեռնաշղթայի ուղղությամբ փաստորեն իր հանգուցալուծումը չստացավ։ Այս կարծիքին է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Նա իր գրառման մեջ պարզաբանում է, որ խնդիրը հրվել է ՌԴ-Ադրբեջան հարաբերությունների դաշտ և որպես գլխավոր խնդիր մատնանշվեց ոչ թե Ադրբեջանի ներխուժումը, այլ ՌԴ խաղաղապահների անգործությունը։
«Այն, որ այդ դրվագով խաղաղապահները արցախցիների ակնկալիքները չեն արդարացրել՝ չեն կանխել ադրբեջանցիների ագրեսիան և ադրբեջանական զորքերը ելման դիրքեր չեն վերադարձրել, դա ակնհայտ է։
Սակայն մեկ այլ՝ ցավոտ դրվագ կա։ Փաստացի Փաշինյանը մակերեսային մտահոգություն է հայտնում ադրբեջանական զորքերի գործողությունների վերաբերյալ, սակայն ցույց տալիս, որ դա ՀՀ կարգավորման խնդիրը չի և որ դա ՀՀ-Ադրբեջան հարաբերություններում չի կարող խոչընդոտ լինել, առավել ևս՝ օրակարգային հարց դառնալ։
Մյուս կողմից՝ Ադրբեջանը շարունակում է ամրանալ Քարագլխի այն հատվածներում, որտեղ ներխուժել է, ինչը բավականին մշուշոտ, եթե ոչ անիրատեսական է դարձնում ադրբեջանական ստորաբաժանումների՝ ՌԴ-ի հետ բանակցությունների միջոցով ելման դիրքեր վերադարձը»,- գրել է Աբրահամյանը։
Սա, նրա խոսքով, նշանակում է, որ Քարագլխի շուրջ իրավիճակը կա՛մ շարունակվելու է լարված մնալ՝ անկանխատեսելի զարգացումներով, կա՛մ արցախցիներին համոզելու են, որ ճիշտը ստեղծված իրավիճակին և տարածքային կորստին համակերպվելն է։
Հիշեցնենք, որ ապրիլի 6-ին Բրյուսելում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի, Շառլ Միշելի և Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։
Հանդիպման արդյունքներով Հայաստանի և Ադրբեջանի միջև մինչև ապրիլի վերջ սահմանների դելիմիտացիայի հարցերով երկկողմ հանձնաժողով ստեղծելու պայմանավորվածություն է ձեռք բերվել։ Հայաստանի վարչապետը և Ադրբեջանի նախագահը ԱԳ նախարարներին հանձնարարել են մեկնարկել երկու երկրների միջև խաղաղության բանակցությունների նախապատրաստական աշխատանքները:
Փառուխի թեման, ինչպես Փաշինյանն ասաց երեկվա կառավարության նիստի ժամանակ, բանակցությունների ժամանակ շոշափվել է, սակայն դրա շուրջ միասնական դիրքորոշում չի ստացվել, ուստի թեման հայտարարության դրույթ չի դարձել։