Մարտի 24-ի միջադեպի հենց սկզբից Ռուսաստանը հայտարարեց, որ ռուսական խաղաղապահ զորախումբը հետաքննում է բոլոր հանգամանքները։ Այս մասին Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ պատասխանելով Փառուխ գյուղ ադրբեջանական զինուժի ներխուժման մասին հարցին։
«Դեպքի հանգամանքները դեռ ամբողջությամբ պարզված չեն։ Ես չեմ ուզում առաջ ընկնել և վերջնական դատողություններ անել»,- ասել է Լավրովը։
Նա հավելեց, որ ռուսական կողմը համոզված է, որ հայ ընկերները լիովին վստահում են ռուսական խաղաղապահ կոնտինգենտին։ «Իսկ այն կոչերը, որոնք երբեմն հնչում են՝ պատասխանատվության կանչել ռուսական կոնտինգենտին, ինչ-որ ներքին հետաքննություն անցկացնել, չեն արտացոլում հայ ժողովրդի և Հայաստանի ղեկավարության իրական վերաբերմունքը»,- հավելել է ՌԴ ԱԳ նախարարը։
Միևնույն ժամանակ, ՌԴ ԱԳՆ ղեկավարը նշել է, որ փոքր միջադեպեր են տեղի ունենում, և Ռուսաստանն այս միջադեպի հետ առնչվում է իր զինվորականների միջոցով։
Հիշեցնենք, որ մարտի 24-ին Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները խախտել են շփման գիծը՝ ներխուժելով ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի։ Նրանք գրավել են Փառուխ գյուղը և Քարագլուխ բարձունքի որոշ հատվածներ։ Հետագա առաջընթացը կասեցվել է խաղաղապահների միջամտության արդյունքում։
Մարտի 26-ին Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները առաջխաղացման հերթական փորձն են ձեռնարկել։ Մարտի 27-ին ՌԴ ՊՆ-ն հայտարարեց Փառուխ գյուղից ադրբեջանական զորքերի դուրսբերման մասին, սակայն Ադրբեջանի ՊՆ-ն հերքեց այս տեղեկությունը։