Արցախի Հանրապետության Ներքին գործերի նախարարության ոստիկանության ճանապարհային ոստիկանությունում այսօր հարգանքի տուրք են մատուցել ապրիլի 16-ին ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ անսթափ քաղաքացու կողմից արձակված կրակոցներից նահատակված Ժիրայր Ենգիբարյանի հիշատակին, որին ՆԳ նախարար Կարեն Սարգսյանի և համակարգի ծառայողների ուղեկցությամբ մասնակցել են ԱՀ Նախագահ Արայիկ Հարությունյանը, Հայաստանի Հանրապետությունում ԱՀ Նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցից, ոստիկանության նախկին ղեկավար Կամո Աղաջանյանը, ԱՀ Գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանը: Այս մասին հայտնում են ԱՀ ՆԳՆ ոստիկանությունից:
Նշվում է, որ Ժիրայր Բորիսի Ենգիբարյանը ԱՀ ոստիկանության օրինակելի ծառայողներից էր և իր բարեվարքությամբ ու տեսակով օրինակ է հանդիսացել իր համածառայակից ընկերներին: Ծառայության ամբողջ ընթացքում գերազանցությամբ է կատարել իրեն վերապահված պարտականություններն ու խնդիրները, ցուցաբերել բարձր պատասխանատվություն: Նա ամուսնացած էր, ունի 2 զավակ:
Հիշեցնենք, որ ապրիլի 16-ին, ժամը 22:25-ի սահմաններում, ԱՀ Մարտունու շրջանի Ճարտար քաղաքի բնակիչ Սերգո Շաքարյանը (ծնված 1969թ.) ապօրինի մուտք է գործել Ստեփանակերտ քաղաքի Մ.Մաշտոցի փողոցում տեղակայված ԱՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի 2-րդ հարկ և իր մոտ առկա «АК-74» տիպի ինքնաձիգով թիրախային կրակահերթ արձակել ծառայություն իրականացնող անձնակազմի ուղղությամբ:
ԱՀ Նախագահի հրամանագորվ նա հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով:
Ոստիկանության ավագ տեսուչ հերթապահ Ժիրայր Ենգիբարյանը կրծքավանդակի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից տեղում մահացել էր: