ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի նոր երթուղու կառուցման մասին լուրերը:
Այս հարցով գերատեսչությանը դիմել է News.am գործակալությունը և նշել է, որ ոչ պաշտոնական տեղեկություններով, Ադրբեջանը սկսել է Ստեփանակերտը Հայաստանին կապող այլընտրանքային ճանապարհի շինարարությունը:
«Ելնում ենք նրանից, որ Լաչինի միջանցքի նոր երթուղու համաձայնեցման հարցերում պետք է հստակ հետևել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9 – ի հայտարարության 6-րդ կետի դրույթներին», – ասված է ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության պատասխանում:
ԱԳՆ-ն հիշեցրել է, որ նշված կետում նախատեսվում է, որ «կողմերի համաձայնությամբ առաջիկա երեք տարում կորոշվի Լաչինի միջանցքով երթևեկության նոր երթուղու կառուցման պլանը՝ Հետագայում այդ երթուղու պահպանման համար ռուսական խաղաղապահ զորակազմի վերատեղաբաշխմամբ»:
«Երբ համապատասխան պայմանավորվածություն ձեռք բերվի, մենք այդ մասին կտեղեկացնենք լրատվամիջոցներին», – հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ-ն: