Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը շնորհավորական ուղերձ է հղել Հարավային Օսիայի Հանրապետության-Ալանիայի պետության նորընտիր նախագահ Ալան Գագլոևին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմից, ուղերձում ասված է.
«Մեծարգո՛ Ալան Էդուարդի,
Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ ընտրություններում տարած հաղթանակի և Հարավային Օսիայի Հանրապետության-Ալանիայի պետության նախագահ ընտրվելու կապակցությամբ:
Համոզված եմ, որ Ձեր գիտելիքները, անձնական որակները և պետական գործչի հմտությունները կնպաստեն եղբայրական Հարավային Օսիայի շարունակական զարգացմանը և անկախ պետականության ամրապնդմանը։
Հուսով եմ՝ Ձեր նախագահության օրոք կշարունակեն ընդլայնվել ու ամրապնդվել մեր երկրների միջև ձևավորված ավանդական բարեկամական հարաբերությունները և համագործակցությունը՝ ի շահ մեր ժողովուրդների։
Մեկ անգամ ևս շնորհավորում եմ Ձեզ, հարգելի Ալան Էդուարդի, այս բարձր և պատասխանատու պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։ Մաղթում եմ Ձեզ հաջողություն Ձեր բոլոր ձեռնարկներում, իսկ Հարավային Օսիայի ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում»։