Ձեռնարկված որոնողակափրկարարական աշխատանքների արդյունքում այսօր` ժամը 07։30-ի սահմաններում, Մարտակերտի շրջանի Քոլատակ համայնքից դեպի Կաչաղակաբերդ տանող անտառամերձ տարածքում հայտնաբերվել է մայիսի 22-ին անհետացած ՀՀ քաղաքացի, 63 ամյա Ս.Մ․-ն: Փրկարարները ցուցաբերել են անհրաժեշտ օգնություն և քաղաքացուն նշված տարածքից ուղեկցել անվտանգ տեղամաս, որից հետո վերադարձել մշտական տեղակայման վայր։ Այս մասին հայտնում են ԱՀ ԱԻՊԾ-ից։
Պարզվել է, որ Ս.Մ.-ն, տեղանքում չկարողանալով կողմնորոշվել, կորել է: Կապի բացակայության պատճառով քաղաքացին չի կարողացել կապ հաստատել արշավախմբի անդամների հետ և սկսել է ինքնուրույն փնտրել անտառից դուրս գալու ճանապարհը: Այսօր վաղ առավոտյան՝ 07:30-ի սահմաններում, Ս. Մ․-ն, նկատելով ճանապարհը, դուրս է եկել երևացող տեղանք, որտեղ էլ փրկարարները նրան նկատել են:
Նշենք, որ մայիսի 22-ին՝ ժամը 02:15-ին մեկնարկած որոնողական աշխատանքներին ներգրավվել են ԱԻ պետական ծառայության Մարտակերտի շրջանային ԱԻ բաժնի և առանձին ջոկերի հրշեջ-փրկարարները, ինչպես նաև ԱԻ պետական ծառայության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խումբը:
Հաղորդագրությունը փոխանցվել է ԱՀ ՆԳՆ ոստիկանության և ԱԱԾ հերթապահ մասեր:
Հիշեցնենք՝ մայիսի 22-ին ժամը 01:06-ին ԱԻ պետական ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Մարտակերտի շրջանի Քոլատակ համայնքի տարածքում` Կաչաղակաբերդից դեպի Խաչեն գետ տանող ճանապարհին մարդ է անհետացել և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Իրականացված օպերատիվ միջոցառումների ընթացքում պարզվել է, որ ՀՀ քաղաքացի, 63 ամյա Ս.Մ-ն Խաչեն գետի ափին իջևանած արշավի անդամներից է, ով արշավախմբի հետ Կաչաղակաբերդից դեպի Խաչեն գետ ինջնելիս ասել է, որ ինքը առջևում գնում է և կամրջի մոտ սպասելու է խմբին: Հասնելով կամրջի մոտ՝ խումբը Ս.Մ․-ին նշված տեղանքում չի հայտնաբերել: