Հունիսի 5-ին Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում բեմադրվել է «Երկնքից երեք խնձոր ընկավ» ներկայացումը` ըստ Նարինե Աբգարյանի համանուն վեպի:
«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` ներկայացումը բեմադրել է Նյու Յորքից ժամանած ռեժիսոր Կարինե Քոչարյանը։
Բեմից ներկայացվող պատմությունը դատարկվող գյուղի մասին է, որտեղ իրենց կյանքի ավարտին են սպասում ծերերը։ Այստեղ, սակայն, կյանք է ծնվում` որպես ապրել շարունակելու կամք։
Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան դրամատիկական թատրոնի դերասան Սամվել Եվրիյանը, ով ներկայացման գլխավոր դերակատարներից է, լրատվականի հետ զրույցում նշում է, որ գյուղը բնակչությունից զրկվել է սովի, պատերազմի, երկրաշարժի պատճառով։
«Այստեղ շեշտադրվում է այն հանգամանքը, որ գյուղացիները չեն լքել հայրենի եզերքը»,- ընդգծել է դերասանը։
Նա համոզված է` ներկայացումը արցախցիների մեջ կամրապնդի այն գաղափարը, որ ոչ մեկը չպիտի լքի իր հայրենիքը: