Այսօրվանից հայ հավատացյալները կարող են ուխտագնացության գնալ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Դադիվանքի վանական համալիր։ Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում տեղեկացրեց Դադիվանքի վանահայր տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը, ով այժմ հոգևոր ծառայություն է իրականացնում Հակոբավանքում։
Նրա խոսքով՝ Սուրբ Հարության տոնից հետո ինտենսիվորեն աշխատել են ռուս խաղաղապահների հետ, որ հավատացյալներն առանց խոչընդոտի կարողանան ուխտի գնալ Դադիվանք։ Բանակցություններն արդյունք են տվել, պայմանավորվածություններ են ձեռք բերվել։
Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանի տեղեկացմամբ՝ հայ ուխտավորների մուտքը դեպի Դադիվանք վերականգնվել է, բայց խիստ սահմանափակումներով։
«Պայմանավորվել են, որ ամիսը մեկ անգամ մեկ ավտոբուս ուխտավորներ (20-22 մարդ) կարող են գնալ Դադիվանք, բայց խիստ վերահսկողությամբ, պետք է լրիվ զննեն, ստուգեն, որից հետո միայն հավատացյալների մուտքը կարող են թույլ տալ վանական համալիր»,- փոխանցեց հոգևորականը։
Բայց պարզվում է, որ Ադրբեջանը նոր մտահաղացում ունի։ Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը լրատվամիջոցներին հայտնել է, որ, ըստ տեղեկությունների, Ադրբեջանը ցանկանում է դիմել ռուսական կողմին, որպեսզի Դադիվանքի հայ հոգևորականները փոխարինվեն Բաքվի ռուսական թեմի վանականներով։
Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանին այս մասին որևէ բան հայտնի չէ։
Նրա կարծիքով, սակայն, ռուս ուղղափառ եկեղեցու սպասավորները չեն կարող Դադիվանքում հոգևոր ծառայություն իրականացնել և պատարագ մատուցել առանց Հայ Առաքելական եկեղեցու թույլտվության։
Հոգևորականը դժվարացավ պատասխանել՝ Հայ Առաքելական եկեղեցին նման թույլտվություն կտա՞, թե՝ ոչ։
Նախորդ տարվա մայիսից հայ ուխտավորները չէին կարողանում մտնել Դադիվանք։ Մինչ այդ նրանք խմբերով, ռուս խաղաղապահների ուղեկցությամբ, այցելում էին Դադիվանք, բայց հետզհետե ադրբեջանցիները դժվարեցրեցին հայերի մուտքը եկեղեցի։
Նշենք, որ Դադիվանքը Հայ Առաքելական եկեղեցու հնագույն քրիստոնեական վանական համալիրներից է։ Գտնվում է Քարվաճառի շրջանում, որը 2020 թ.–ի նոյեմբերի 9–ի հայտարարությունից հետո անցավ Ադրբեջանի վերահսկողության տակ։ Անվտանգության ապահովման համար ռուսական խաղաղապահ զորախմբի դիտակետերից մեկը հայկական վանքի հարևանությամբ է։ Դադիվանքում հինգ հայ հոգևորականներ են ծառայություններ իրականացնում։