ՌԴ ԱԳՆ-ն իր կայքում սրբագրել է Արցախի Փառուխ գյուղի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը, որը հնչեցվել է ՀՀ ԱԳ նախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:
Լավրովը հայտարարել է, որ «ռուս զինվորականները (մեր հայ բարեկամներն այդ մասին քաջատեղյակ են) իրենց առաջնահերթություններից մեկը պահում են «Փառուխում» տիրող իրավիճակը: Այնտեղ արդեն որոշակի արդյունքներ կան հողի վրա՝ այդ իրադրության ապաէսկալացման տեսանկյունից»։ «Մենք ունենք ըմբռնում, որ արդեն սկսվող դելիմիտացիայի առարկայական աշխատանքի շրջանակներում այդ հարցերը կքննարկվեն և անպայման կլուծվեն», – ասել է ՌԴ ԱԳ նախարարը:
Գերատեսչության կայքում հրապարակված հաղորդագրության համաձայն՝ ռուս նախարարը հայտարարել է. «Ինչ վերաբերում է իրավիճակին, ապա ռուս զինվորականները (մեր հայ բարեկամներն այդ մասին քաջատեղյակ են) այն պահում են «որպես իրենց առաջնահերթություններից մեկը։ Այնտեղ արդեն որոշակի արդյունքներ կան «հողի վրա» իրավիճակի դեէսկալացիայի տեսանկյունից։ Հուսով ենք, որ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացի մեկնարկը կնպաստի Բաքվի և Երևանի միջև վստահության բարձրացմանը և ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում Փառուխի տիպի միջադեպերի կանխարգելմանը»:
Ավելի վաղ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի գործընթացը չի նախատեսում Ղարաբաղի վերաբերյալ հարցերի քննարկում: