Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը նշել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի դատախազությունների դերը Լեռնային Ղարաբաղում էսկալացիա թույլ չտալու գործում: Ինչպես հաղորդում է TASS-ը, այսօր նա աշխատանքային հանդիպում է ունեցել Հայաստանի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ։ Այս մասին հայտնել են Ռուսաստանի Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից:
«Եռակողմ ձևաչափով Ադրբեջանի գործընկերների հետ համատեղ մենք բազմաթիվ ջանքեր ենք գործադրել այս տարածաշրջանում խաղաղության վերականգնման, տեղի բնակչության շրջանում լարվածության թուլացման ուղղությամբ»,- հայտնել է Ռուսաստանի գլխավոր դատախազը։
Նա համոզմունք է հայտնել, որ երբ խոսքը խաղաղության և անվտանգության վերականգնման, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության, հանցագործությունների հետաքննության մասին է, չպետք է լինի միակողմանի մոտեցում:
Ռուսաստանի գլխավոր դատախազը հայտարարել է Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսական զինվորական դատախազների պատրաստականության մասին՝ տեղեկատվության փոխանակման, կատարված խախտումների մասին ազդանշանների փոխանցման հարցում: Հանդիպման ընթացքում Կրասնովը շնորհակալություն է հայտնել Դավթյանին ՌԴ դատախազության հետ համագործակցության առումով ցուցաբերած կառուցողական, հավասարակշիռ մոտեցման համար, որը ցույց է տալիս ռուս-հայկական ամուր բարեկամությունը։