Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանն արձագանքել է Բաքվի 9-րդ համաշխարհային համաժողովին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ելույթին։
«Այո, Լեռնային Ղարաբաղ գոյություն չունի, որովհետև գոյություն ունի Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետություն, և դա միջազգային իրավունքի սուբյեկտ է, թեև պաշտոնապես միջազգայնորեն չճանաչված», – իր Telegram – ալիքում գրել է Բեգլարյանը:
Նա հայտարարել է, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը կարգավորված չէ և չի կարգավորվի այնքան ժամանակ, քանի դեռ Ադրբեջանը հաշվի չի առել Արցախի բնիկ ժողովրդի ինքնորոշման անքակտելի իրավունքը:
Պետնախարարն ընդգծել է, որ Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման (հետևաբար՝ կարգավիճակի) հարցը վաղ թե ուշ կլուծվի, և Արցախը երբեք չի լինի Ադրբեջանի կազմում։
«Ավելի լավ կլիներ հայերի իրավունքների մասին «անհանգստանալու» փոխարեն Ալիևն ավելի շատ մտածեր Ադրբեջանի Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունների բարեխիղճ կատարման մասին՝ երաշխավորելով սեփական քաղաքացիների (այդ թվում՝ լեզգիների, թալիշների, ավարների, թաթարների, թաթերի և այլ փոքրամասնությունների) իրավունքների ապահովումը», – նշել է Բեգլարյանը։
«Կարող է Ալիևը հանկարծ հիշում է, թե ինչ է պատահել Խորհրդային Ադրբեջանում ավելի քան կես միլիոն հայերի հետ, թե կա թեկուզ մեկ արցախահայ՝ Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում»,- հարց է ուղղել Արցախի պետնախարարը։