Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը հունիսի 17-ին ընդունել է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի պատվիրակությանը՝ կառույցի տնօրեն Կարինե Սարգսյանի գլխավորությամբ: Այս մասին հայտնում են Արցախի կառավարությունից։
Պետական նախարարը բարձր է գնահատել Հիմնադրամի հռչակած հայրենանվեր առաքելությունը, որը կոչված է Հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված, անհայտ կորած, հաշմանդամություն ձեռք բերած մարտիկների ու նրանց ընտանիքների սոցիալական բարօրության ապահովմանը:
«Հիմնադրամի գործունեությունը այն հերթական օրինակներից է, թե ինչպես են համահայկական մասնակցությամբ ու սատարմամբ Արցախում կենսական ծրագրեր իրականացվում: ԱՀ կառավարությունը պատրաստ է ամենալայն համագործակցության՝ ապահովագրելու հայ զինծառայողների կյանքն ու առողջությունը՝ նրանց ընտանիքների նկատմամբ սոցիալական պատասխանատվությունը դարձնելով ավելի ու ավելի արդյունավետ ու թափանցիկ: Մենք շնորհակալ ենք Հիմնադրամին կատարված մեծածավալ բարոյական ու սոցիալական աշխատանքների համար և պատրաստ ենք ձեզ հետ ձեռք ձեռքի իրականացնել շահառու անձանց ու ընտանիքների երկարաժամկետ զարգացման ծրագրեր»,- նշել է Արտակ Բեգլարյանը:
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տնօրեն Կարինե Սարգսյանը պատվիրակության այցը համարել է համագործակցային ու արդյունավետ՝ միտված հիմնադրամի ծրագրերի հետագա զարգացմանը: