Չնայած Ուկրաինայի դեմ պատերազմի պատճառով Միացյալ Նահանգները խզել է հարաբերությունները Ռուսաստանի հետ, սակայն Ղարաբաղի հարցում պատրաստ է շարունակել համագործակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբում՝ հանուն խնդրի խաղաղ ու տևական կարգավորման։ Այս մասին «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդը։
Երևան ժամանելուց առաջ Պետքարտուղարության բարձրաստիճան պաշտոնյան հանդիպումներ էր ունեցել Վրաստանում ու Ադրբեջանում։
Դոնֆրիդը նշել է, որ ԱՄՆ-ն շարունակում է ասել, որ մենք աջակցում ենք Մինսկի խմբի համանախագահության գործընթացին: Մենք շարունակում ենք հավատալ, որ դա շատ կարևոր ձևաչափ է՝ հատկապես Լեռնային Ղարաբաղի հարցում։ Եվ կարևոր է, որ մենք տարբեր ձևաչափեր պահպանենք՝ փորձելով առաջ տանել խաղաղությունը։
Հարցին ՌԴ-ի հետ համագործակցությամբ են պատրաստվում գործընթացն առաջ տանել, դիվանագետը նշել է․ «Այո՛։ Ռուսաստանը Մինսկի խմբի համանախագահ է: Այնպես որ, այո՛: Ֆրանսիան, ԱՄՆ-ը և Ռուսաստանը կշարունակեն այդ ձևաչափը։
Ինչ վերաբերում է Ադրբեջանին, Դոնֆիդն ասել է․ «Ադրբեջանը չի աջակցում Մինսկի խմբի համանախագահության գործընթացին։ Միացյալ Նահանգներն աջակցում է, և մենք մասնակցում ենք այդ գործընթացին և կշարունակենք մասնակցել»։
Ի պատասխան «Ազատության» հստակեցնող հարցին՝ փոխպետքարտուղարը տեղեկացրել է՝ Մինսկի խմբի թեման բարձրացրել է նաև Ադրբեջանի նախագահի հետ իր հանդիպման ընթացքում, այլ մանրամասներ, սակայն, չի փոխանցել։
Բաքվում` Ադրբեջանի իշխանությունների հետ բանակցություններից հետո ամերիկացի բարձրաստիճան դիվանագետն ասել էր՝ տարածաշրջանում խաղաղության հասնելու լավ հեռանկար կա։
Իսկ արդյո՞ք հնարավոր է հասնել տևական խաղաղության, երբ Ադրբեջանի նախագահը պարբերաբար վերադառնում է ռազմատենչ հռետորաբանությանը, խոսում է «Զանգեզուրի միջանցքի» մասին ու տասնյակ հայերի պահում Բաքվի բանտերում, Դոնֆրիդն արձագանքել է. «Կարծում եմ՝ կարևոր է, որ բոլորս մտածենք, թե ինչ հռետորաբանության ենք օգտագործում: Անկասկած, բառերը կարևոր են: Այնպես որ, մենք պետք է ուշադիր լինենք դրանք օգտագործելիս։ Կարծում եմ, որ գործողությունները նույնպես կարևոր են: Բայց եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև հաշտեցման ուղղությամբ առաջընթաց պետք է լինի, ապա կասկած չկա, որ մարդիկ պետք է ուշադիր լինեն իրենց խոսքերի նկատմամբ և հետևեն իրենց գործողություններին: