Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը Armenia Today-ի թղթակցի հետ զրույցում մեկնաբանել է Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարությունները:
Իլհամ Ալիևը, մասնավորապես, հայտարարել էր, որ պետք չէ, որ Հայաստանը բարձրացնի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը, քանի որ ղարաբաղյան խնդիրն արդեն լուծված է։
«Ալիևը շատ բան կարող է ասել, բայց մենք սովոր ենք և անպայման պետք է հիմնվենք միայն կոնկրետ փաստերի վրա, ընդ որում՝ իրավաքաղաքական բնույթի փաստերի։ Նույնիսկ 2020թ.-ի նոյեմբերի 9-ի մեզ համար այդ ծանր հայտարարության մեջ, որն, ի դեպ, Ալիևը ստորագրեց, նշված է Ղարաբաղի մասին։ Ի՞նչ բանավոր պայմանավորվածությունների մասին է խոսքը։ Բնականաբար նման բան լինել չի կարող։ Հետո մենք հիմք ենք վերցնում միայն այն պայմանագրերն ու փաստաթղթերը, որոնք ստորագրվել են, այսինքն՝ ունեն փաստաթղթի կարգավիճակ», – ասել է Արցախի ԱԳՆ ղեկավարը։
Նրա խոսքով, նման փաստաթղթերը մեծ թիվ են կազմում՝ սկսած 1921 թվականից, երբ Ադրբեջանն ինքը Լեռնային Ղարաբաղը ճանաչեց Հայաստանի անբաժանելի մաս, ընդ որում, այն ժամանակ Ղարաբաղի տարածքը շատ ավելի մեծ էր, քան ԼՂՀ-ն մինչև 2020թ.-ի պատերազմը: Բաբայանը նշեց, որ դա արձանագրվել է մի շարք այլ փաստաթղթերում, ինչպես նաև այդ մասին ասվում է իր խմբագրությամբ վերջերս լույս ընծայված գրքում:
«Ալիևը հերքում է այդ պայմանագրի վերաբերյալ իր ստորագրությունը, որտեղ կա Ղարաբաղի մասին և հիմա ասում է, որ նման հասկացություն չկա։ Հետևաբար, դրան պետք է վերաբերվել շատ սառնասրտորեն և ուսումնասիրել այն ամենը, ինչ նրանք ասում են։ Պարադոքս է, բայց Ադրբեջանն ազնիվ թշնամին է՝ երբեք չի թաքցնում իր իրական մտադրությունները։ Այն հայտարարությունները, որոնք նրանք անում են՝ ինչպես Ալիևը, այնպես էլ պետական իշխանության մյուս մարմինները՝ ԱԳՆ – ն, ՊՆ-ն, խորհրդարանը և նույնիսկ մանկապարտեզի վարիչը, արտացոլում են Ադրբեջանի քաղաքականությունը, հակամարտության կարգավորման իրենց տեսլականը, նրանց վերաբերմունքը մեր նկատմամբ։ Այդ պատճառով կարելի է շնորհակալություն ասել Ալիևին, որ նա մշտապես հիշեցնում է իր իրական մտադրությունների մասին», — ընդգծել է նա։
Նախարարը նաև մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ պաշտոնական Երևանի վերջին հայտարարությունները, մասնավորապես, վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որ Արցախի կարգավիճակը ոչ թե նպատակ է, այլ միջոց է, որպեսզի ապահովվեն արցախահայության իրավունքները, ազատությունները և անվտանգությունը։
«Կարգավիճակի հիմքում ընկած են Արցախի անվտանգությունը, իրավունքներն ու ապագան։ Բայց հարցն այն է, որ Ադրբեջանի կազմում ոչ մի կարգավիճակ չի կարող ապահովել մեր իրավունքները, ազատություններն ու ապագան։ Այսինքն՝ լինելու է միայն մեկ ապագա՝ Արցախի ոչնչացումը», – հայտարարեց Բաբայանը։ Որպես օրինակ՝ նա նշել է, որ նացիստական Գերմանիայի համակենտրոնացման ճամբարներում բանտարկյալները նույնպես իրավունքներ ու ազատություններ են ունեցել։ «Նրանք կարող էին օրական 2 րոպե քնել, երազներ տեսնել։ Բայց արդյոք դա երաշխավորել է նրանց անվտանգ ապագան։ Դա նրանց երաշխավորել է գնդակահարություն, գազային խցիկներ, հյուծում։ Ահա թե ինչ է սպասվում մեզ։ Այսինքն՝ մեր անվտանգության և ազատությունների հարցերը և շրջանակները գործնականում չեն տարբերվի անվտանգության և ազատությունների այն շրջանակներից, որոնք ունեցել են Օսվենցիմի, Բուխենվալդի բանտարկյալները», — նշեց նա:
Խոսելով Ադրբեջանի կողմից կառուցվող ճանապարհի, Հայաստանը Արցախի հետ կապող Լաչինի այլընտրանքային միջանցքի մասին՝ Բաբայանը նշել է, որ նման երթուղու հարցը համաձայնեցված է եղել 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության ժամանակ։ «Քանի դեռ գործընթացը ավարտված չէ, պետք է ամեն ինչ անել, որպեսզի ապահովվի Արցախի անվտանգությունը, անխափան կապը Հայաստանի հետ։ Բայց քանի դեռ այդ հարցը վերջնականապես չի ստացել իր որոշումը, այդ պատճառով էլ հիմա մի քիչ վաղ է խոսել այդ մասին», – հավելել է նա։
Դավիթ Բաբայանը դրական է պատասխանել այն հարցին, թե արդյոք աշխատանքներ են տարվում ադրբեջանական ուժերի հետքաշման ուղղությամբ, որոնք ավելի վաղ ներխուժել են Փառուխ՝ ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի:
«Այո, աշխատանքներ են տարվում Քարագլուխում, Փառուխում։ Բայց այստեղ էլ պետք է հասկանալ, թե ում հետ գործ ունենք։ Քանի որ Ադրբեջանի այս ահաբեկչական գործողությունը ուղղված չէր միայն Արցախի դեմ, դա նաև հարված էր խաղաղարար գործողության թիկունքին։ Մենք դա պետք է հասկանանք։ Ի դեմս Ադրբեջանի՝ մենք ունենք մի երկիր, որը խորապես ատում է մեզ և բավական մտածված քաղաքականություն է վարում՝ իր մտադրություններն ու նպատակները նյութականացնելու համար։ Եթե մենք աշխատենք այնպես, ինչպես պետք է, ապա կկարողանանք չեզոքացնել այդ բոլոր փորձերը», — ասել է Արցախի ԱԳՆ ղեկավարը։
Նախարարը խոսեց նաև Հանրապետության արտաքին գործերի նախարարության հեղինակած «Արցախյան հիմնախնդիրը և Արցախի Հանրապետության արտաքին քաղաքականությունը» գրքի մասին: Գրքի շնորհանդեսը տեղի ունեցավ այսօր: Բաբայանը նշել է, որ գիրքն ԱԳՆ-ի, նրա կենտրոնական ապարատի և ներկայացուցչությունների կոլեկտիվ աշխատանքն է:
«Մենք փորձել ենք բավականին հանրամատչելի ձևով ներկայացնել արցախյան հարցի և Արցախի արտաքին քաղաքականության հիմնական, առանցքային դրույթները, հասկացությունները, ընդ որում՝ մոտեցումների փիլիսոփայության հիմքն այն է, որ նյութերը ներկայացված են որպես փաստեր և առաջարկություններ։ Սրանք են հիմնական հասկացությունները, որոնք կարևոր են ինչպես մեր հասկանալու, այնպես էլ այն բանի համար, որպեսզի հասկանանք, թե ինչպես պատասխանենք մեր ընդդիմախոսներին, թշնամիներին ու հակառակորդներին, քանի որ Ադրբեջանը նենգափոխում է այդ հասկացությունները», — հայտարարել է նա:
Նա կարևորեց, որ հայ հասարակությունը, համենայնդեպս շահագրգիռ քաղաքական, հասարակական, գիտակրթական շրջանակները, լրատվամիջոցները առանցքային հարցերի շուրջ ունենան ընդհանուր ըմբռնում: Նախարարի խոսքով՝ աշխատանքը Արցախյան հարցի հակիրճ հանրագիտարանի է նման։
Որպես օրինակ՝ ԱԳ նախարարը նշել է, որ շատերը չեն տարբերակում Արցախի և Ղարաբաղի միջև եղած տարբերությունը։ «Այդ հասկացությունների միջև կան հիմնարար տարբերություններ։ Պետք է դա իմանալ, քանի որ և՛ Արցախը, և՛ Ղարաբաղը հայ ժողովրդի, հայոց պետականության, հայոց պատմության, այդ թվում՝ դիվանագիտական անբաժանելի մասն են։ Մենք պատկանում ենք այն ժողովրդին, որին կարելի է հաղթել միայն ներսից։ Իսկ տանուլ տալու գրավականը սեփական պատմությունից անտեղյակությունն է։ Դրա համար էլ մենք փորձեցինք այդ փոքրիկ բացը լրացնել», — նշեց Բաբայանը։
Նա տեղեկացրեց, որ արդեն սկսվել են գիրքը ռուսերեն թարգմանելու աշխատանքները, իսկ մոտ ժամանակներս՝ անգլերեն և այլ լեզուներով։