Արցախի Հաղորտի գյուղի դպրոցականները ծննդավայրը թողնելու նպատակ չունեն։ Որոշել են մնալ ու զարգացնել իրենց բնակավայրը, դարձնել բարձրտեխնոլոգիական կենտրոն։ Ուժեղ Արցախը նպատակ է, որը միավորում է արցախահայերին, Հայաստանի ու սփյուռքի հայերին։ Շնորհիվ «Ես» կրթական հիմնադրամի, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության, Արցախի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համագործակցության, «ռեԱրմենիա»-ն Հաղորտի գյուղում բացել է «Մունք» տեխնոդպրոցը։
Նախկին համայնքապետարանի շենքում այսօր տեխնոդպրոցն է գործում․ շենքն ունի երեք կահավորված սրահ, մեկ ընդհանուր աշխատանքային սենյակ։
Տեխնոդպրոցը տրամադրելու է որակյալ կրթություն ՏՏ ոլորտի 4 հիմնական ուղղություններով՝ ծրագրավորում, մարքեթինգ, դիզայն և ռոբոտաշինություն։ Տեխնոդպրոցը մեկ տարում կարող է ունենալ 30 աշակերտ։ Դավիթն ընկերների հետ արդեն սեփական գաղափարն են կյանքի կոչում։
«Ես իմ ընկերների հետ մեր նախագծի վրա ենք աշխատում։ Ստեեղխել ենք «Խելա խոխա» ռոբորտը, սովորեցնելու ենք հայերեն խոսել, հաշվել»,- Armenia Today-ի հետ զրույցում ասաց «Մունք» տեխնոդպրոցի սան Դավիթ Մելքումյանը։
Տեխնոդպրոցի հեղինակը մաթեմատիկոս և ծրագրավորող Աշոտ Ավանեսյանն է, որը Երևանում երկար տարիներ աշխատելուց հետո վերադարձել է հարազատ գյուղ և սկսել աշխատել երեխաների հետ։ Նախագծի հեղինակը խոստովանում է՝ 44-օրյա պատերազմից հետո բոլորը գտնվում էին հոգեբանորեն ծանր վիճակում, և շատ դժվար էր լուսավոր գաղափար ստեղծել, բայց միասին կարողացան։
Հաղորտի գյուղի երեխաների երազանքների իրականացման համար անհրաժեշտ էր շուրջ 67 մլն դրամ։ «ռեԱրմենիա» հարթակում իրականացված դրամահավաքի արդյունքում, որը տևեց շուրջ 3 ամիս, հավաքվեց նախատեսվածից ավելին՝ 69 մլն դրամ: «ռեԱրմինիա» հարթակի գործադիր տնօրեն Գևորգ Պողոսյանի խոսքով՝ պատերազմից հետո հասարակությունը պառակտվել էր և մեկ գաղափարի շուրջ համախմբվելու անհրաժեշտություն կար։
Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը, որը ներկա էր բացման արարողությանը, ողջունեց կառավարության անունից և նշեց, որ հետպատերազմյան շրջանում տեխնոդպրոցն օրինակելի մոդել է թե՛ արդիական կրթություն ապահովելու, թե՛ համայնքային զարգացման համար։
«Մունք» տեխնոդպրոցի գործարկումից հետո այստեղ կկարողաան այցելել 100 երիտասարդներ, իսկ նախագծի շահառուների թիվը կհասնի 280։ Հետագա հինգ տարվա ընթացքում պատրաստվելու է շուրջ 270 նոր ՏՏ մասնագետ։
Մանրամասները՝ տեսանյութում։