Արցախի Մարտակերտի շրջանի Վաղուհաս գյուղում հարևան համայնքների համեմատ փոքրիկ բնակիչները գերակշռում են։ Սահմանամերձ այս գյուղի ամեն ընտանիք նվազագույնը 6 երեխա ունի․ 650 բնակչից 230-ը մանկահասակ է։ Շատ երեխաներ ունենալը գյուղի հին ավանդույթներից է, և այստեղ դա հայրենասիրության դրսևորում է համարվում։
Թեպետ գյուղում երեխաները շատ են, սակայն նրանց ակտիվ ժամանցի համար պայմաններ ստեղծված չեն։ Հիմա կրտսեր վաղուհասցիները դասերից զատ այլ հետաքրքրություններ էլ ունեն, գեղեցիկ խաղահրապարակ, որտեղ բոլորի համար տեղ կա.
Երեխաների օգտակար ու հետաքրքիր ժամանցն ապահովելու համար դպրոցի 12-14 տարեկան դեռահասների մոտ խաղահրապարակ կառուցելու գաղափար է ծագել, և նրանք որոշել են այդ հարցը լուծել միջնակարգ դպրոցի ուսուցչուհի Նարա Բալայանի հետ։
«Կարդա ու խաղա Վաղուհասում» ծրագրի հեղինակ, Վաղուհասի միջնակարգ դպրոցի ուսուցչուհի Նարա Բալայանն ասում է՝ գաղափարը սկզբից անհավանական էր թվում, քանի որ մեծ գումար էր անհրաժեշտ, բայց ոգեշնչել է երեխաներին, որ նրանց նպատակները կարող են իրագործվել։
Երեխաների մշակած ծրագիրը կյանքի կոչելու համար ուսուցչուհին սկսել է հետաքրքրվել տարբեր հիմնադրամներով, դիմել անհատներին, հետո իմացել «ռեԱրմենիա» հարթակի մասին:
Վաղուհասի երեխաների խաղահրապարակի կառուցման համար «ռեԱրմենիա» հարթակում մեկնարկած դրամահավաքը տևել է 2 ամիս, հավաքվել է անհրաժեշտ գումարը՝ 7 մլն 600 հազար դրամ: Դրամահավաք- արշավին մասնակցել է 600 նվիրատու։
Հիմա նախագիծը գտնվում է երրորդ՝ վերջնական փուլում, մնում է խաղահրապարակի հատակը քարապատել և տարածքը ցանկապատել։