Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցում ռուսական դիվանագիտության ակտիվացումը պայմանավորված է նրանով, որ Ռուսաստանը փորձում է զերծ չմնալ այդ գործընթացից։ Այս մասին Armenia Today-ի թղթակցի հետ զրույցում ասել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի փոխտնօրեն, ռուս քաղաքագետ Ալեքսանդր Սկակովը։
«Եթե Ռուսաստանը դրանով չզբաղվի, ապա այդ հարցով կզբաղվի Արևմուտքը։ Հաշվի առնելով Վաշինգտոնի կամ Բրյուսելի հետ Ռուսաստանի հարաբերությունների մակարդակը՝ Մոսկվան այդ հարցում այնքան էլ շահագրգռված չէ»,-նշել է նա։
Ըստ փորձագետի, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի Բաքու կատարած վերջին այցի ժամանակ առաջին հերթին շեշտը դրվել է ոչ թե Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման, այլ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցի վրա:
Ռուս քաղաքագետը կարծում է, որ վերջին շրջանում Բաքվի կողմից դեպի ԵՄ ավելի շատ գազ մատակարարելու հարցը չի ազդի ռուս-ադրբեջանական հարաբերությունների վրա:
«Դա, մեծ հաշվով, բիզնես է, հասկանալի է, որ այժմ գազը պակասում է Եվրամիությունում, իսկ Ադրբեջանն ուղղակի օգտվում է պահից»,-նշեց փորձագետը:
Սկակովը չի համաձայնել Ադրբեջանի նախագահի այն կարծիքի հետ, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը լուծված է, և հայկական կողմը չպետք է այդ հարցը բարձրացնի միջազգային հարթակներում:
«Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշումը բխում է նրանից, որ ղարաբաղյան խնդիրը փակված չէ. այդ դեպքում ի՞նչ են անում այնտեղ մեր խաղաղապահները և ինչ գործառույթ են կատարում։ Քանի դեռ ռուս խաղաղապահներն այնտեղ են, խնդիրը չի կարող փակ լինել»,-հայտարարել է փորձագետը։
Վերջինս նշեց, որ հետագայում Արցախում ռուս խաղաղապահների տեղակայման ժամկետի երկարաձգման շուրջ ադրբեջանական կողմի համաձայնությունը կախված է տարբեր կողմնակի գործոններից: Նա հիշեցրել է, որ ըստ եռակողմ համաձայնագրի, խաղաղապահ առաքելությունը կարող է ընդհատվել ցանկացած պահի կողմերից մեկի ցանկությամբ:
«Սկզբունքորեն Ադրբեջանը կարող է չսպասել այդ առաքելության ավարտին։ Բայց, կարծում եմ, նա դա չի անի, հանդուրժելու է և, ըստ էության, դա իր շահերից չի բխում։ Իսկ թե ինչ կլինի 2-3 տարի հետո, կախված կլինի հենց Ռուսաստանի իրավիճակից, Արևմուտքի հետ նրա հարաբերություններից և նաև Ուկրաինայի իրավիճակից: Եթե Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղում մնալու ներուժ ունենա, ապա, իհարկե, նա դրա համար առիթ կգտնի: Դա կախված է նրանից, թե որքան ուժեղ դիրքորոշում կունենա Ռուսաստանը»,-եզրափակել է մեր զրուցակիցը: