Հայկական կողմն առնվազն հայտարարությունների տեսքով պատրաստ է կատարել Ադրբեջանի պահանջները։ Այսինքն, հայտարարել է, որ կատարելու է և հասկանալի է, որ դա տեղի է ունեցել Ադրբեջանի որոշակի ճնշման հետևանքով։ Անդրադառնալով ԱԽ քարտուղարի այսօրվա հայտարարությանը, ըստ որի՝ սեպտեմբերից Արցախում ՀՀ-ից զորակոչված ժամկետային զինծառայողներ չեն լինի՝ Armenia Today-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել քաղաքագետ Դավիթ Հարությունովը։
Այս համատեքստում նա չի բացառել, որ Ադրբեջանի ճնշումներն ուղիղ կապ ունեն վերջին շրջանում առկա դիվանագիտական ակտիվության հետ։
«Այնուամենայնիվ, մինչ վերոնշյալ հայտարարությունը, Ալիևն իր ելույթում այդ հարցը բարձրացրել է։ Բացի այդ, փաստացի, ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի, Թբիլիսիում Միրզոյանն ու Բայրամովը ևս այդ հարցը քննարկել են։ Այստեղ, սակայն, հարցեր կան։ Մասնավորապես՝ տեղեկատվություն չկա, թե ինչ ուժերի, ինչ ժամկետների մասին է խոսքը։ Այդ հարցերի առումով հստակությունը բացակայում է։ Նաև հարց, թե հայկական կողմն ինչ նկատի ունի, ադրբեջանական կողմն ինչ նկատի ունի։ Չի բացառվում, որ ադրբեջանական կողմը հայկական ուժերի տակ նաև Պաշտպանության բանակն է ընկալում։ Իսկ Գրիգորյանը, եթե չեմ սխալվում, ասել է, որ ՊԲ-ն պահպանվելու է։ Այսինքն, չի բացառվում, որ խնդիրն էլի շարունակի գոյություն ունենալ, որովհետև ադրբեջանական կողմը փաստացի ձգտում է նրան, որ Արցախի տարածքում, բացի խաղաղապահներից, այլ զինված ուժեր, որևէ զինված միավոր չլինի»,- ասել է նա։
Քաղաքագետը չի բացառել նաև, որ նկարագրված իրավիճակը որոշակիորեն կապված է ՌԴ դիրքերի թուլացման հետ․ «Եթե հաշվի առնենք նաև Արցախի ներկայացուցիչների որոշ հայտարարությունները, տպավորություն կար, որ խաղաղապահ կոնտինգետնի ձևավորումից հետո ռուսական կողմը նախատեսում էր, որ ԱՀ ՊԲ-ն ինչ-որ ձևով կպահպանվի ու կփոխգործակցի խաղաղապահների հետ։ Այդ փաստը, սակայն, անընդհատ ճնշման էր ենթարկվում Ադրբեջանի կողմից։ Ինչ-որ փուլ կար, երբ ռուսկան կողմն ուշադրություն չէր դարձնում այս հայտարարությունների վրա։ Հիմա, հաշվի առնելով Բաքվի ակտիվությունը, զուգահեռ Հայաստանի վերոնշյալ արձագանքը, չի բացառվում, որ Բաքվի դիրքորոշումն անտեսելու մասով Ռուսաստանի հնարավորութուններն ինչ-որ տեղ նվազել են»։
Ինչ վերաբերում է ԱԽ քարտուղարի հայտարարության՝ այդ իրողությունից բխող ռիսկերին՝ նա հավելել է․ «Ասել, որ կվատանա կտրուկ իրավիճակը, չեմ կարծում հետևյալ առումով։ Նախ, ինչպես նշեցի, մինչև վերջ հասկանալի չէ, թե ինչի մասին է խոսքը, տեղեկատվություն չկա, թե ինչ ուժեր են, ինչը թույլ կտար ասել, որ, ենթադրենք, տվյալ ուժերը դուրս բերելուց հետո իրավիճակը կտրուկ կփոխվի։ Բայց ասել, որ լուրջ ռիսկեր կան, ևս դժվար է, քանի որ իրավիճակն առանց այդ էլ մինչ այդ ոչ բարենպաստ էր՝ կապված պատերազմում ունեցած արդյունքների հետ․ հասկանալի է, որ Արցախի անվտանգությունը ոչ այդքան Արցախի ուժերը, որքան խաղաղապահներն են ապահովում, ինչպես նաև ՌԴ քաղաքական դիվանագիտական գործոնը։ Իսկ ընդհանրապես այս ամենն անբարենպաստ ընթացք է Հայաստանի համար․ ակնհայտ երևաց, որ Ադրբեջանի ճնշումն էֆեկտիվ է, ինչը մտահոգիչ է, քանի որ իրենք ճնշումների ճանապարհով հարցեր լուծելու այդ մեթոդը կրկին կարող են կիրառել նաև այլ խնդիրների դեպքում։ Բացի այդ, հայկական կողմը ստիպված եղավ բավականին արագ, առնվազն հայտարարության տեսքով ասել, որ պատրաստ է ընդառաջել Ադրբեջանի ճնշմանը, առնվազն հայտարարության տեսքով կատարել պահանջները։ Այս առումով ամեն ինչ բացասական է, բայց այստեղ, մեծ հաշվով, նոր բան չկա։ Սա ուժերի այն հարաբերակցության հետևանքն է, որն արձանագրվել է 2020-ին։ Եվ հիմա, քանի որ ռուս-ուկրաինական կոնֆլիկտը սկսվեց, իրավիճակն ավելի վատացավ»։
Հիշեցնենք, որ այսօր ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել է, որ սեպտեմբերից Արցախի Հանրապետությունում Հայաստանից զորակոչված ժամկետային զինծառայողներ չեն լինի: Լեռնային Ղարաբաղում զորակոչիկները կշարունակեն զորակոչվել Պաշտպանության բանակ։