Արցախի Հանրապետությունից Հայաստանի զորքերի դուրսբերումն ԱՀ ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Գալստյանը համարում է Ադրբեջանի նախագահի պահանջների կատարում։
Նա Armenia Today-ի հետ զրույցում հիշեցրեց, որ Իլհամ Ալիևը մշտապես պահանջել է հայկական զորքի դուրսբերումն Արցախից։
«Ալիևն ասաց, որ ռուսական կողմն իրեն խոստացել է, որ հունիսին հայկական զորքերը դուրս են բերվելու, բայց չեն հանվել։ Հայաստանի իշխանություններն էլ իրենց հերթին նշում են, որ բանավոր ձեռք բերված պայմանավորվածությունները կատարվելու են։ Պատճառներից մեկն էլ, թերևս, սա է, որ այսօր հայտարարում ենք, թե Հայաստանը սպասարկում է Ադրբեջանի շահը, ոչ թե հայկականը։ Ադրբեջանի նախագաի պահանջներն են ի կատար ածվում»,- ընդգծեց մեր զրուցակիցը։
Նրա դիտարկմամբ՝ Հայաստանի իշխանություններն իրենց վարած քաղաքականությամբ ամեն օր Արցախն ու Հայաստանը մաս-մաս հանձնում են թշնամուն։
«Այդ ծրագրի տակ է մտել Նիկոլ Փաշինյանն իր թիմով, և այն կյանքի է կոչում։ Ցավոք սրտի, հայամետ մտածող ուժերն ու հայաստանյան ընդդիմությունը չեն կարողանում այս ազգի շահ չսպասարկող իշխանությանը հեռացնել։ Եվ ինչքան իրենք երկար մնան, այնքան մեր հայրենիքը փոքրանալու է»,- նկատեց արցախցի պատգամավորը։
Դավիթ Գալստյանը դժվարացավ պատասխանել, թե արդյո՞ք Արցախը սեփական ռեսուրսներով կկարողանա պահպանել իր սահմանները․ «Մենք այսօր իշխանություն չունենք ո՛չ Արցախում, ո՛չ Հայաստանում։ Դրա մասին պետք է մտածեն իշխանությունները»,- ասաց նա՝ միևնույն ժամանակ կարևորելով, որ Արցախը պետք է իր ինքնապաշտպանությունը կազմակերպի։
Նշենք, որ վերջին օրերին Բաքվից Իլհամ Ալիևի մակարդակով հնչում են սպառնալիքներ՝ «Եթե ՀՀ-ն չի ցանկանում իր զորքերը դուրս բերել Լեռնային Ղարաբաղից, ապա դրա մասին պետք է բաց տեքստով ասի, որ հասկանան իրենց անելիքները»։
Հիշեցնենք, որ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել էր, որ Արցախի Հանրապետությունում Հայաստանից զորակոչված ժամկետային զինծառայողներ չեն լինի, սակայն Լեռնային Ղարաբաղում զորակոչիկները կշարունակեն զորակոչվել պաշտպանության բանակում ծառայելու համար:
Արմեն Գրիգորյանն ավելացրել է նաև, որ այնուամենայնիվ, Հայաստանից Պաշտպանության բանակ պայմանագրայիններ չեն զորակոչվում, Լեռնային Ղարաբաղը տեղում է կազմակերպում պայմանագրայինների ներգրավումը:
ԱԽ քարտուղարը պնդել է, որ անվտանգության առումով ոչինչ չի փոխվում Արցախում, որովհետև այնտեղ նախկինում էլ անվտանգության ապահովման գործը եղել է Պաշտպանության բանակի ուսերին։