Արցախում շփման գծի լարվածության հետևանքով վիրավոր զինծառայողների թիվը 19-ի է հասել, 4-ի վիճակը բժիշկները ծանր են գնահատում, որոնցից մեկինը՝ ծայրահեղ ծանր: Այս մասին «Ազատության» հետ զրույցում հայտնել է Արցախի առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը:
Առողջապահական գերատեսչության ղեկավարի խոսքով՝ մյուս վիրավորների վիճակը թեթև և միջին ծանրության է: Հայրյանի փոխանցմամբ՝ վիրավորների մի մասը տեղափոխվել է Երևան:
Հիշեցնենք, որ օգոստոսի 1-ին, ժամը 09:00-ից սկսած, Արցախի Հանրապետության հյուսիսային և հյուսիս-արևմտյան սահմանագոտու մի շարք հատվածներում ադրբեջանական ստորաբաժանումները դիմել են սադրանքի՝ կատարելով շփման գիծը հատելու փորձեր, որոնք կասեցվել են ՊԲ ստորաբաժանումների ուժերով: Հայկական կողմը 2 զոհի և 14 վիրավորների մասին է հաղորդել։