ՌԴ ՊՆ-ն հրապարակել է Արցախում ռուսական խաղաղապահ առաքելության պատասխանատվության գոտում ստեղծված իրավիճակի մասին հերթական տեղեկագիրը։
Նշվում է, որ անցած օրվա ընթացքում ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում արձանագրվել է հրադադարի ռեժիմի չորս խախտում։
«Ադրբեջանի ԶՈՒ կողմից հրադադարի խախտումներ են արձանագրվել Սարիբաբա (Եղցահող – խմբ) և Բուզդուխ կոչվող շրջաններում, ինչպես նաև Մարտակերտի շրջանում , որոնց հետևանքով զոհվել են Լեռնային Ղարաբաղի ՊԲ երկու և վիրավորվել 14 զինծառայողներ»,-նշվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ ուս խաղաղապահների հրամանատարությամբ, ադրբեջանական և հայկական կողմերի հետ փոխգործակցությամբ, այս միջադեպերը կարգավորվել են։
Շփման գծի խախտումներ չեն արձանագրվել, հայտնում են ՌԴ ՊՆ-ում։
Ավելի վաղ Armenia Today-ը հայտնել էր, որ օգոստոսի 1-ին, ժամը 09:00-ից սկսած, Արցախի Հանրապետության հյուսիսային և հյուսիս-արևմտյան սահմանագոտու մի շարք հատվածներում ադրբեջանական ստորաբաժանումները դիմել են սադրանքի՝ կատարելով շփման գիծը հատելու փորձեր, որոնք կասեցվել են ՊԲ ստորաբաժանումների ուժերով:
Արցախում շփման գծի լարվածության հետևանքով վիրավոր զինծառայողների թիվը 19-ի է հասել, 4-ի վիճակը բժիշկները ծանր են գնահատում, որոնցից մեկինը՝ ծայրահեղ ծանր:
Մահացու վիրավորում են ստացել ՊԲ պայմանագրային զինծառայողներ Գուրգեն Գալերիի Գաբրիելյանը և Արթուր Յուրիի Խաչատրյանը: