Արցախի տեղեկատվական շտաբը պարզաբանում է տարածել Արցախում մասնակի զորահավաքի վերաբերյալ հանրության շրջանում առաջացած տարաբնույթ քննարկումների կապակցությամբ։
Նշվում է, որ պայմանավորված վերջին օրերին շփման գծում լարվածության աճով, անհրաժեշտություն է առաջացել համալրել առանձին զորամասեր և զինվորական կամ քաղաքացիական պաշտոններ: Այդ պատճառով ԱՀ նախագահի հրամանագրով հայտարարվել է մասնակի զորահավաք, որն ի տարբերություն ընդհանուր զորահավաքի, պետության զինված ուժերի մի մասի հավաք է՝ ելնելով կոնկրետ իրավիճակից և տվյալ պահին զինված ուժերի առջև դրված խնդիրներից: Մասնակի զորահավաքի յուրաքանչյուր դեպքում իրավասու մարմինների կողմից որոշվում են զորահավաքի իրականացման մասշտաբներն ու սուբյեկտների ընդգրկվածության աստիճանն ու քանակը:
«Ուստի, հայտարարված մասնակի զորահավաքում ընդգրկված են միայն կոնկրետ զորամասեր, որոնց կցագրված քաղաքացիներն են միայն ստանում ծանուցումներ: Դա նշանակում է, որ ովքեր չեն ստացել ծանուցում, նրանց զորամասի կամ ստորաբաժանման վերաբերյալ զորահավաքի որոշում չի կայացվել:
Ծանուցումներն ուղարկվել են տվյալ զորամասերում կցագրված բոլոր անձանց՝ առանց որևէ խտրականության, այդ թվում՝ պաշտոնատար անձանց, որոնք էլ ներգրավվել են զորահավաքային զինվորական ծառայության մեջ», -նշվում է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ Armenia Today-ը գրել էր, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 3-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ 2022 թվականի օգոստոսի 3-ից հանրապետությունում հայտարարվել է մասնակի զորահավաք:
Ավելի վաղ Armenia Today-ը հայտնել էր, որ օգոստոսի 1-ին, ժամը 09:00-ից սկսած, Արցախի Հանրապետության հյուսիսային և հյուսիս-արևմտյան սահմանագոտու մի շարք հատվածներում ադրբեջանական ստորաբաժանումները դիմել են սադրանքի՝ կատարելով շփման գիծը հատելու փորձեր, որոնք կասեցվել են ՊԲ ստորաբաժանումների ուժերով:
Արցախում շփման գծի լարվածության հետևանքով վիրավոր զինծառայողների թիվը 19-ի է հասել, 4-ի վիճակը բժիշկները ծանր են գնահատում, որոնցից մեկինը՝ ծայրահեղ ծանր:
Մահացու վիրավորում են ստացել ՊԲ պայմանագրային զինծառայողներ Գուրգեն Գալերիի Գաբրիելյանը և Արթուր Յուրիի Խաչատրյանը: