Սույն թվականի օգոստոսի 5-ին Քաշաթաղի շրջանի Աղավնո գյուղում ԱՀ ՏԿԵ նախարար Հայկ Խանումյանը հանդիպել է Քաշաթաղի շրջանի բնակիչների հետ։
ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ տեղի բնակչության, համայնքի և շրջանի իշխանության ներկայացուցիչների հետ միասին Խանումյանը քննարկել է Աղավնոյի, Ներքին Սուսի և Բերձորի բնակչության՝ մինչև սույն թվականի օգոստոսի 25-ը տարհանման հարցերը։ Տարհանումը կիրականացվի քաղաքացիական պաշտպանության պլանի շրջանակներում։
Ավելի վաղ Armenia Today-ի հետ զրույցում Աղավնոյի համայնքապետ Անդրանիկ Չավուշյանը հայտնել էր, որ Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Աղավնո գյուղի բնակիչները պետք է մինչև օգոստոսի 25-ը լքեն գյուղը։
Նշենք՝ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը տեղեկացրել է, որ Արցախում վերջին օրերին ադրբեջանական ագրեսիան պայմանավորված է նրանով, որ Ադրբեջանն Արցախը Հայաստանի հետ կապող երթևեկությունը Լաչինի միջանցքի փոխարեն այլ երթուղով կազմակերպելու պահանջ է ներկայացրել։