Արցախի ՏԿԵ նախարար Հայկ Խանումյանը Արցախի «Հանրային» հ/ը-ի հետ զրույցում ներկայացրել է, թե ինչպես կկազմակերպվի երթևեկությունը Արցախը Հայաստանին կապող այլընտրանքային ճանապարհով։
«ՀՀ սահմանից Կոռնիձոր տանող 11 կիլոմետրանոց ճանապարհաhատվածը դեռևս պատրաստ չէ։ Օգոստոսի 1-ին ՀՀ-ում տենդեր է կազմակերպվել, որի արդյունքում՝ երեք ընկերություններ կսկսեն ճանապարհահատվածի կառուցումը։
Ենթադրվում է, որ գործող ճանապարհի փակվելուց հետո, նոր երթուղու՝ Հայաստանի սահմանից 3-4 կիլոմետրանոց գրունտային հատվածով կփորձենք միանալ Հայաստան տանող մայրուղուն՝ այս կերպ ժամանակավոր լուծում տալով խնդրին՝ մինչև հայաստանյան հատվածում ճանապարհը կառուցվի», – նշել է նախարարը։
Այլընտրանքային ճանապարհի հարևանությամբ կկառուցվեն Արցախը սնուցող նոր ենթակառուցվածքները։ «Այս պահին կապի և բարձրաոլտ գծերի կառուցման նախագծերն են մշակվում»,-նշել է նա՝ հավելելով, որ գործընթացը բարդ է, քանի որ շատ տեղերում դրանք կլինի ադրբեջանական վերահսկողության հատվածում։
Ավելի վաղ Armenia Today-ի հետ զրույցում Աղավնոյի համայնքապետ Անդրանիկ Չավուշյանը հայտնել էր, որ Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Աղավնո գյուղի բնակիչները պետք է մինչև օգոստոսի 25-ը լքեն գյուղը։
Նշենք՝ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը տեղեկացրել է, որ Արցախում վերջին օրերին ադրբեջանական ագրեսիան պայմանավորված է նրանով, որ Ադրբեջանն Արցախը Հայաստանի հետ կապող երթևեկությունը Լաչինի միջանցքի փոխարեն այլ երթուղով կազմակերպելու պահանջ է ներկայացրել։
Հիշեցնենք, որ օգոստոսի 1-ինց սկսած Արցախի Հանրապետության հյուսիսային և հյուսիս-արևմտյան, ինչպես նաև Հայաստանի հետ կապող Բերձորի միջանցքի հատվածներում ադրբեջանական ստորաբաժանումները դիմել են սադրանքի՝ կատարելով շփման գիծը հատելու փորձեր։ Արցախում շփման գծի լարվածության հետևանքով վիրավորում են ստացել 19 զինծառայողներ, մահացու հրազենային վիրավորում՝ 2 պայմանագրային զինծառայողներ։